Լուսանկարները՝ Անուշ Մարտիրոսյանի
«Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնի» նախագահ Նաթիա Կուպրաշվիլին երեկ Վիեննայում ստացավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի մրցանակը մեդիայի իրավունքների պաշտպանության համար։
Կուպրաշվիլին անդրադարձավ ԱԼԳ 6 երկրներում պարբերաբար սրվող ժողովրդավարական խնդիրներին։
«Ստանալով այս մրցանակը՝ հիշեցի Հայաստանի 2008, 2009 թվականների իրավիճակը»,- ասաց լրագրողը՝ ընդգծելով նաև Բելառուսում շարունակվող հակաժողովրդավարական պատկերը, նախկին խորհրդային այլ պետությունների հակաժողովրդավար կարգավիճակը։
Մրցանակակիրը հայտնեց համոզմունք, որ պետք է շարունակել պայքարը Վրաստանի ժողովրդավարացման, օտարերկրյա գործակալների դեմ պայքարի անվան տակ հակաժողովրդավարական գործընթացների չեզոքացման համար. «Վրաստանի քաղաքացիական հասարակությունը երբեք չի ծնկի Ռուսաստանի առջև»,- պնդեց Նաթիա Կուպրաշվիլին։
Բելառուսի ասոցիացիայի նախագահը, որն անցյալ տարվա մրցանակակիրն է, հատուկ ընդգծեց Լուկաշենկոյի ռեժիմի պայմաններում լրագրողների աշխատանքի բարդությունն ու ասաց, որ այժմ բելառուսական բանտերում 37 լրագրող կա։
Երեկ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի պաշտոնական բացումն էր։ Ընդունելություն էր կազմակերպվել Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերի նախարարությունում։ Նախարար Կլաուս Կյոգելերը Արևելյան գործընկերության երկրներում մեդիայի դերի ու նշանակության հարցերը դիտարկեց պետության առաջընթացի նախապայման։
Վիեննա
Նոր մեկնաբանություն