
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքից
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների»:
Ժաննա Անդրեասյանը, կոչ է արել կենտրոնանալ և ազատորեն արտահայտել սեփական մտքերն ու վերլուծությունը թեմայի շուրջ։ Նա հատկանշական է համարել, որ այս քննության շրջանակում գնահատվելու են աշակերտների վերլուծական կարողությունները, ոչ թե սոսկ լեզվի իմացությունը։
Նախարարությւոնը տեղեկացնում է, որ Դիլիջանի թիվ 2 դպրոցում քննություն է հանձնել 67 աշակերտ. ընդհանուր առմամբ` դպրոցում սովորում է 670 աշակերտ։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտները 505-ն են. քննության մասնակցում էր 9-րդ դասարանի 62 աշակերտ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ մանկավարժական թիմը, ուսումնասիրելով անցյալ տարի Տավուշի 3 տարբեր ամբողջական դասարանների գրած էսսեները՝ հրապարակավ ներկայացրել էր ընդհանուր պատկերը:
mediaforedu.am-ը հրապարակել էր հոդվածներ՝ Հայաստանում և ԵՄ-ում երեխաներին էսսե գրելու համար անհրաժեշտ մանկավարժական մոտեցումների, չափանիշների և մեթոդների մասին: Էսսե գրելու բարձր որակի խոչընդոտները հրաապարակվել են փոդքաստով:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել էր ժամանակավորապես ձեռնպահ մնալ քննական էսսեները պարտադիր դարձնելուց այլ մարզերում՝ մինչև ուսուցիչների պատրաստության, գնահատման չափորոշիչների և գնահատողների վերապատրաստման համապատասխան բարելավումները։ ՀԿ-ն առաջարկել էր նաև քննարկել աստիճանաբար ներդրման մոդել՝ հիմնված փորձնական շրջանների արդյունքների վրա։ Սակայն, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել էր, թե «առաջարկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կրթական ռազմավարությանը և հավասար հնարավորությունների սկզբունքին՝ հաշվի առնելով, որ քննական էսսեն կրթական նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն է, որն ուղղված է սովորողների քննադատական մտածողության, վերլուծական կարողությունների և գրավոր արտահայտչական հմտությունների գնահատմանը»։
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը միաժամանակ հայտնել էր, որ «քննական էսսեի պարտադիր դարձնելը հանրապետության մյուս բոլոր մարզերում չի դիտարկվում որպես վերջնակետ, այլ որպես նոր գնահատման մոտեցման ներդրման գործընթացի մաս, որը պետք է իրականացվի հստակորեն ձևակերպված չափորոշիչներով և ուղեկցվի ուսուցիչների ու գնահատողների շարունակական վերապատրաստմամբ»։
Նոր մեկնաբանություն