
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքից
Գրավոր խոսքը սովորելու գործընթաց է, որը, բնական է, որ անցնի «սխալների» միջով։ Իսկ եթե համակարգը պահանջում է միանգամից «ճիշտ» արդյունք, ապա աշակերտը սկսում է խուսափել փորձելուց, սկսում է գրել ոչ թե այն, ինչ մտածում է, այլ այն, ինչն «ավելի ապահով է»։ Իսկ ապահով տեքստեր գրելը հազվադեպ է ենթադրում ազատ մտածողություն։
Գրավոր խոսքը՝ Հայաստանում
Հայաստանի դպրոցներում գրավոր աշխատանքը սահմանափակ տիրույթում է։ Աշակերտը գրում է միայն ուսուցչի համար՝ առանց ակնկալիքի, որ իր գրածը կկարդան, կքննարկեն, կվերլուծեն, կօգտագործեն։ Գրելու մշակույթը հաճախ ձևավորվել է այնպես, որ ուսուցիչն է որոշել՝ ո՞ր աշխատանքն է օրինակելի։
Երբեմն դասարանում առանձնանում է միայն «ամենալավ շարադրությունը»՝ այն, ինչ համընկել է ուսուցչի ճաշակի կամ պատկերացման հետ։ Սակայն գրելու իրական նպատակը լավագույնը գտնելը չէ։ Դա բոլորի մտքին տարածք տալն է, լսելու և լսելի դառնալու գործընթացը։
Գրավոր խոսքը պետք է դիտարկվի ոչ թե որպես վերջնական արդյունք, այլ՝ քննարկման հնարավորություն։ Ոչ թե լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, այլ՝ տարբեր, դիտարկելի, քննարկելի։
Գրելու անտեսված իմաստը
Գրավոր աշխատանքը միշտ մնում է միայն առաջադրանք, եթե աշակերտը չգիտի՝ ինչու է դա անում։ Էսսեն կարող է դառնալ ինքնաճանաչողության միջոց, կարծիքի ձևավորման պրակտիկա, միտք ձեւակերպելու և փոխանցելու միջոց։ Բայց եթե այս ամենը չի բացատրվում, եթե ուսուցիչն ուղղակի ասում է՝ գրիր այս թեմայով՝ առանց ցույց տալու, թե ինչու է դա կարևոր, ուր է տանում և ինչի կարող է ծառայել, երեխայի ազատ միտքը չի դրսևորվում:
Մինչդեռ, աշխարհում կան ուսանելի օրինակներ:
Ֆրանսիայի փորձը
Ֆրանսիայում էսսեն սկսվում է ոչ թե գրքերի մեկնաբանությունից, այլ աշակերտի մտքին վստահելու մշակույթից: Դպրոցում երեխաներին չեն սովորեցնում ուղղակի «գրել կարծիք», այլ՝ կառուցել այն, հիմնավորել, մտածել մինչև գրելը։ Եվ ամենակարևորն այն է, որ էսսեն չի վերաբերում միայն գրականությանը։ Այն կիրառվում է գրեթե բոլոր առարկաների դեպքում՝ փիլիսոփայության, պատմության, քաղաքագիտության, տնտեսագիտության և այլն։
Կառուցվածք
Ֆրանսիական դպրոցական մշակույթում ձևը և լեզուն երբեք երկրորդական նշանակություն չունեն։ Էսսեն պետք է ունենա ոչ միայն հստակ գաղափար, այլ նաև հստակ կառուցվածք․ գաղափարները պետք է դասավորված լինեն տրամաբանական հաջորդականությամբ, յուրաքանչյուր պարբերություն պետք է սկսվի հստակ շարադրանքով և զարգանա փաստարկներով։
Լեզվի ճշգրտությունն ու ոճի վերահսկումը նույնպես կարևոր են. բառապաշարի հարստությունը, ժարգոնից խուսափելը, տրամաբանական կապերի օգտագործումը ոչ միայն ձևի պահանջ է, այլև՝ մտքի արտահայտման պատասխանատվություն։ Այս մոտեցումը սովորեցնում է գրել հստակ, մտածված ու հասկանալի՝ թե՛ բովանդակության թե՛ ձևի տեսակետից։
էսսեի մշակույթի ուղենիշը
Այս մտածողությունն ամբողջությամբ արտացոլվում է Ֆրանսիայի ավարտական քննության՝ BAC-ի (Baccalauréat général) կառուցվածքի մեջ։ Սա պետական մակարդակի քննություն է, որը պարտադիր է lycée (համարժեք է ավագ դպրոցին) ավարտելու և բուհ ընդունվելու համար։ Այն գնահատում է ոչ միայն առարկայական գիտելիքը, այլև՝ մտածողություն արտահայտելու կարողությունը։
BAC-ի ժամանակ աշակերտը պետք է գրի էսսե՝ ազատ թեմայով։ Օրինակ՝ «Արդյո՞ք օրենքին ենթարկվելը բարոյական է», «Արժե՞ արդյոք միշտ ասել ճշմարտությունը», «Կա՞ ազատություն առանց պատասխանատվության»:
Աշակերտին չեն ասում՝ գրիր քո կարծիքը։ Ակնկալվում է, որ նա
Դիրքորոշումը չպետք է լինի «ճիշտ» կամ ստուգողի կարծիքի հետ համընկնող, որպեսզի համարվի հաջողված։ Կարևոր է, որ այն լինի լավ ձևակերպված, փաստարկված, համոզիչ և ցույց տա գրողի քննադատական կարողությունները։
BAC-ի ձևաչափում կարևոր պայմանները՝
Ուսուցիչը՝ մտածողություն ուղղորդող
Ուսուցիչը պարզապես թեմա չի տալիս որպես տնային առաջադրանք, այլ քայլ առ քայլ սովորեցնում է՝ ինչպես մտածել, ինչպես հարցեր տալ, ինչպես տեսակետ ձևավորել։ Սա մի համակարգ է, որտեղ գրելը գնահատվում է որպես մտքի «ճարտարապետություն», որտեղ էսսեն տեքստ չէ, այլ՝ մտածելու մշակույթ։
Շվեդիայի փորձը
Շվեդիայում, ի տարբերություն Ֆրանսիայի, գրավոր խոսքը գնահատվում է ոչ թե ըստ կուռ կառուցվածքի, այլ ըստ ազատ մտածողության զարգացվածության։ Այստեղ էսսեն ոչ այնքան ձև է, որքան ինքնաարտահայտման, քննադատական հարցադրումների ու փոխադարձ հարգանքի մշակույթ։
Աշակերտին ոչ թե ասում են՝ «գրիր այս կառուցվածքով», այլ հարցնում՝ «ի՞նչ ես մտածում այս մասին», «ինչո՞ւ է սա քեզ համար կարևոր», «ո՞րն է քո դիրքորոշումը, և ինչպե՞ս ես հիմնավորում այն»։
Սա նշանակում է՝ գրելը սկսվում է մտածելու ազատությունից։ Իսկ մտածելու ազատությունն էլ գալիս է առանց վախի, առանց ճնշման, առանց «ճիշտ պատասխանի» սպասումի։
Էսսեն՝ հարցման և փաստարկի հիմքերով
Շվեդական կրթության մեջ էսսե գրելու կարողությունները հիմնականում զարգացնում են միջին դպրոցից սկսած՝ որպես հետազոտական և փաստարկային գրավոր առաջադրանքների շարք։ Թեմաներն ընտրվում են այնպես, որ աշակերտը կարողանա կապ հաստատել իրական աշխարհի հետ:
Հաճախ հանդիպող թեմաներից են, օրինակ՝ «Արդյո՞ք արհեստական բանականությունը վտանգ է մարդու իրավունքների համար», «Ինչպե՞ս կարող ենք փոխել դպրոցը, որ այն լինի ավելի առողջ միջավայր», «Ե՞րբ է սկսվում անհատի ազատությունն ու ավարտվում հանրային պատասխանատվությունը»:
Էսսեն այստեղ միայն գրավոր աշխատանք չէ․ այն հարցեր տալու, պատասխաններ գտնելու, տեսակետ ձևավորելու ուսուցում է։
Հանուն քննարկման
Շվեդիայում աշակերտները գրում են փուլերով՝ նախնական գաղափարներ, ապա՝ կառուցվածքային նախագծեր, հետո՝ սևագիր տարբերակներ։ Այս ամբողջ ընթացքում ուսուցիչը ոչ թե ուղղում է, այլ՝ քննարկում, հարցնում, հետո նոր ուղղորդում։ Բայց ուղղորդել նշանակում է, որ գրելու յուրաքանչյուր փուլ քննարկվում է՝ հաճախ նաև խմբային ձևով։ «Փոխադարձ քննարկում» մեթոդը սովորական պրակտիկա է․ աշակերտները վերլուծում են մեկը մյուսի գրածը, առաջարկում փոփոխություններ, սովորում են լսել և հարգել դիմացինի կարծիքը, դիտարկել այլ տեսանկյունից։ Այստեղ գրավոր խոսքը ապրում է քննարկման մեջ։
Ուսուցիչը՝ որպես գործընկեր
Շվեդիայում ուսուցիչը ուղղակի բարձր դիրքից գնահատող չէ։ Նա գրավոր խոսքի գործընկեր է և ուղեկից՝ սկզբից մինչև վերջ։ Գրելու պրոցեսը գնահատվում է ոչ միայն վերջում, այլ ընթացքում. դիտարկվում է թե՛ մտքի զարգացման դինամիկան ու խորությունը, թե՛ ինքնուրույնությունը։
«Ճիշտ գրելը» «հետաքրքիր մտածելուց» կարևոր չէ։
Հայաստանի անելիքը
Եթե որոշել ենք էսսեն դարձնել մշակույթ, պետք է փոխենք գրելու մասին մտածողությունը։ Ոչ թե պետք է նորանոր հանձնարարություններ ավելացնել, այլ հրաժարվել հին պատկերացումներից։
Գրելու կարողությունների զարգացումը միայն կրթական բարեփոխում չէ, նաև մշակութային փոփոխություն է։ Ու սկսվում է ոչ թե դասագրքից, այլ՝ այն պահից, երբ երեխային ասում ես՝ «Քո միտքը կարևոր է», «Քո ասելիքը հետաքրքիր է», «Սխալվելը նորմալ է», «Ուսուցիչդ քո կողքին է»։
Որևէ ուղեցույց կամ նոր առարկա արժեք չունի, եթե դպրոցի մթնոլորտը չի դրդում՝ «գրիր, որովհետև մտածում ես»։ Հենց այդպիսի դպրոցներում է սկսվում օգտակար երկխոսությունը, իսկ էսսեն, ի վերջո, հենց երկխոսություն է՝ ինքդ քեզ հետ, ուրիշի գաղափարի հետ, միջավայրի հետ։
Երբ սկսենք այդտեղից, գուցե գրվի առաջին իսկական էսսեն։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Նոր մեկնաբանություն