Լուսանկարը՝ UNISEF-ի
Աշխույժ, կենսախինդ ու գիրուկ արտաքինով 8-9 տարեկան մի աղջնակ մրգով լի արկղերը խանութի դիմաց շարող հայրիկին հաղթական ձայնով ոգևորված պատմում է, թե ինչպես է «շշով տվել» իրեն վիրավորանք հասցրած դասընկերոջ գլխին։ Արկղեր դասավորող հայրիկը հընթացս ի պատասխան՝ ապրես, շատ էլ լավ ես արել, հաջորդ անգամ ինձ կասես, կգամ ոտերը կջարդեմ․․․
Մտածում եմ մեր մեջ գերիշխող «երեխայասիրության» հակամշակույթի մասին․ սեփական էգոն չհաղթահարած ծնողը միայն կարող է նման կերպ արձագանքել իրավիճակին․ նա չի ուզում լինել մեկի ծնողը, որը չի կարողացել արժանիորեն պատասխանել իրեն վիրավորանք հասցրածին։ Ընդամենը։ Կարևոր չէ, թե ինչ արժեքներ կժառանգի իր երեխային՝ նույն չհաղթահարված եսասիրությունը, ինքնավերլուծության իսպառ բացակայությունը, կարևորը՝ միշտ «հաղթած» դուրս գա։ Թե հետագայում ինչ խնդիրների առաջ կկանգնի ինքն իրեն ճանաչելու, իր արարքները վերլուծելու անունակ չափահաս մարդը, և թե ինչ հետևանքների դա կարող է բերել, դա նրան չի հուզում։
Որպես հակակշիռ՝ բերեմ եսասիրական նկրտումներից զերծ ծնողի պատասխան արձագանքը նմանատիպ իրավիճակին: Իսկ դու ի՞նչ ես արել, ո՞րն է քո մեղավորությունը, և որպես կանոն, բացատրում է երեխային՝ ինչպես չկրկնի նույն սխալը՝ դրանով իսկ կանխելով ապագայում նման իրավիճակներում հայտնվելու հավանականությունը։ Այդ մոտեցումը կձևավորի առողջ անհատ, ոչ թե բարդույթների կծիկ։
Ծնողական եսասիրությամբ քողարկված թվացյալ երեխայասիրության դրսևորումների պակաս մեր մշակույթը չունի, և կրթությանն առնչվող շատ ու շատ հարցեր անլուծելի են դառնում՝ հենց այդ խնդրով պայմանավորված։ Քանի դեռ իրար ոտ ջարդելը հարցի միակ լուծում պատկերացնող ծնողներ կան, դժվար թե դպրոցական կրթությունը լուրջ խնդիրներ լուծի։
Ուսուցիչ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Նոր մեկնաբանություն