Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
Երեխաների երևակայությունը հաճախ են մեծահասակները շփոթում ստի հետ։
«Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի տնօրեն Զառա Մանուկյանի խոսքով՝ երեխան կարող է իրականությանը չհամապատասխանող բան ասել տարբեր պատճառներով․ վախից, պաշտպանվելու համար, մեծահասակին հաճոյանալու ցանկությունից, երևակայության զարգացման փուլում գտնվելու պատճառով կամ պարզապես բառապաշարի և փորձի սահմանափակությունից ելնելով։ Այս դեպքերում խոսքը գիտակցված խաբեության մասին չէ։
Սուտ կարելի է որակել այն դեպքը, երբ երեխան գիտակցում է իրականությունն ու դիտավորյալ խեղաթյուրում է այն՝ հստակ նպատակով՝ խուսափել պատասխանատվությունից, ստանալ առավելություն կամ վնասել ուրիշին։ Մինչ այդ տարիքային և զարգացման փուլերում իրականության և երևակայության սահմանները հաճախ խառնվում են, և երեխայի խոսքը պետք է դիտարկել ոչ թե որպես բարոյական խնդիր, այլ որպես զարգացման ազդանշան։
Մասնագետը շեշտում է, որ նման իրավիճակներում կարևոր է ոչ թե պատժելը, այլ պատճառը հասկանալը․ ինչու է երեխան ընտրել այդ ձևը հաղորդակցվելու համար, ինչի կարիք ունի և ինչ անվտանգ միջավայր կարող են ստեղծել մեծահասակները, որպեսզի երեխան կարիք չունենա «ստելու»։

























































