Լուսանկարը՝ Վուպերտալի Յոհաննես Ռաուի անվան գիմնազիաի էջից
Ինչպես խոստացել էի, այսօր կպատմեմ գերմանական դպրոցներում, այսպես կոչված, դրամահավաքի մասին։
Միանգամից ասեմ, որ այն համատարած բնույթ չի կրում, պարտադիր պայման չէ և այդչափ ցցուն ու տարերային չէ, ինչպես հայաստանյան դպրոցներում է։
Ամենաէական տարբերությունն այն է, որ գերմանական դպրոցներում չկան մարտիության կամ նման դրամահավաքներ:
Գերմանիայի դպրոցներում դասական տարբերակով փող հավաքում են միայն տարեսկզբին. ավելի բաց ու թափանցիկ տարբերակով։ Այսինքն՝ ծնողները նախապես հրավիրվում են դպրոց՝ ծնողական ժողովի: Ուսուցիչը ներկայացնում է տարվա կտրվածքով ծախսերը, ուսումնական պլանը։ Ծախսերն առնչվում են որոշ գրենական պիտույքների և A4 Ֆորմատով թղթի ձեռքբերմանը։ Ինչ էլ որ լինի, տարեսկզբի դրամահավաքի համար անհրաժեշտ փողը չի գերազնցում 25 եվրոն։
Ասել, թե ծնողները բացարձակապես մասնակցություն չունեն դպրոցական անցուդարձին, մեղմ ասած, միամտություն կլինի։ Պարզապես էստեղ ավելի քաղաքակիրթ տարբերակ են ընտրել։
Տարվա ընթացքում տեղի են ունենում դպրոցական տարբեր միջոցառումներ (տարեսկզբին կամ ծննդյան տոներին), որոնց ընդառաջ նախապես կազմվում է պլան։ Յուրաքանչյուրը գրավոր նշում է, թե ինչ կարող է իր հետ բերել․ օրինակ՝ յուրահատուկ նրբահամ թխուկներ, սալաթներ, անգամ ճաշատեսակներ: Երբեմն նախապատվությունը տրվում է Finger Food կոչվածին՝ «մի մատ» կամ «մի բերան» ուտելիքին։
Պատկերացրեք՝ արդյունքում ունենում ենք բազմազգ խոհանոցային ներկապնակ։ Իհարկե, առաջնահերթությունը տրվում է գերմանական հայտնի նրբերշիկներին։ Հիմա կմտածեք՝ ինչ կապ ունի դրամահավաքն այս խոհանոցային պատմության հետ։ Կապ ունի, քանի որ այս ամենը վաճառքի է հանվում։
Այսինքն՝ մենք գնում ենք մեր պատրաստածը։ Երեխաներն էլ, ներգրավվելով այս ամբողջ գործընթացին, քիչ-քիչ բացահայտում են բարիք ստեղծելու և դա փողի վերածելու տեխնիկան: Այդ հմտությունը հետո մեկընդմիշտ մնում է իրենց հետ: Ստացվում է համադրություն՝ հաճելին օգտակարի հետ։ Հաճելի է, քանի որ երեխաներն ու ծնողները միասին շփվելու, ժամանակ անցկացնելու լրացուցիչ հնարավորություն ունեն։ Օգտակար է, որովհետև փողը ծառայելու է դպրոցի կարիքներին։ Եվ քանզի էքսկուրսիաներն այստեղ բավականին շատ են, թեկուզ քիչ ներդրումը, այնուհանդերձ, օժանդակություն է երեխաներին կրթական նպատակներով մի հետաքրքիր տեղ տանելու հարցում:
Նախապես ծրագրված
Մի առիթով, երբ այս մշակույթն ինձ համար դեռ անսովոր էր, կատակեցի, թե՝ սա էլ փող հավաքելու այլ դրսևորում է։ Իհարկե, կատակը՝ կատակ, բայց աշխատող տարբերակ է։
Եվ կարևորը՝ ամեն բան արվում է մեծագույն սիրով։ Վաճառքի գործընթացը նախապես է պլանավորվում՝ թղթի վրա։ Յուրաքանչյուրը գիտի, թե որ ժամից որ ժամը պիտի վաճառքով զբաղվի։ Ի դեպ, գներն այնպես են որոշվում, որ միանգամայն հասանելի լինեն բոլորի գրպանին։ Գնումներն, ի դեպ, կատարվում են բացառապես կտրոններով. յուրաքանչյուր կտրոն ունի կոնկրետ արժեք և այդ կտրոններով են կատարվում գնումները, որպեսզի առձեռն շրջանառություն չլինի՝ փողը ձեռքից ձեռք չանցնի:
Այս մոտեցումն ընդունված է ոչ միայն հանրակրթական, այլ նաև մարզամշակութային դպրոցներում։ Այն երկար ժամանակ է՝ կիրառվում է և արդարացնում է իրեն։
Գոհար Պողոսյան
Վուպերտալ, Գերմանիա
Նոր մեկնաբանություն