Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Այս տարի առաջին անգամ փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման քննության էլեկտրոնային տարբերակը։ Տրամաբանված և հետևողական աշխատաոճը պահանջում է անդրադարձ կատարել փորձարկման արդյունքներին՝ ի համեմատ թղթային տարբերակի։
Թերություններ
Արդարացվեցի՞ն արդյոք ենթադրյալ առավելությունները, թե՞ հակառակը․ ի հայտ եկան անկանխատեսելի բարդություններ։ Մինչ այժմ քննության էլեկտրոնային տարբերակի առավելությունները և թերությունները փաստող ոչ մի վերլուծական անդրադարձ չկա, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ գործընթացը շարունակական է լինելու, և պետք է բարձրաձայնել թերությունների մասին։
«Գնդակահարության պատին»
Խնդրի մասին թերևս չբարձրաձայնեի, եթե ինքս միայնակ լինեի՝ որպես տեխնիկական խնդրի հետևանքով տուժած մասնակից։ Բայց վերջերս Ֆեյսբուքում ՀՀ վարչապետի նախաձեռնած «գնդակահարության պատին» կարդալով նույն խնդրի պատճառով տուժած մեկ այլ մասնակից ուսուցչի հուսահատ գրությունը և լսելով այլ ուսուցիչների դժգոհությունները՝ որոշեցի խոսել դրա մասին։
Մի կողմ թողնենք փաստը, որ թեստերի բովանդակությունը միտված է ոչ թե գիտելիք կամ հմտություն ստուգելու, այլ շփոթեցնելու, հոգնեցնելու քննության մասնակիցներին (վստահաբար կարող եմ ասել, որ համանման թեստ չի կարող հաղթահարել հեղինակներից ոչ մեկը)։
Թյուրիմացություն
Էլեկտրոնային տարբերակում թեստի խճճվածությանն ավելացել է էջի մոլորեցնող տեսքը։ Հետաքրքիր է՝ քննության արդյունքները վերլուծող հանձնաժողովը փորձե՞լ է պարզել, թե քանի ուսուցիչ է ավարտել թեստը՝ ունենալով չկատարված առաջադրանքներ, և ինչո՞ւ պետք է գիտակից մարդը ինչ-որ մի կետից հետո չկատարեր որոշակի քանակի առաջադրանքներ։ Քանի որ ինքս էլ տուժել եմ այդ խնդրի պատճառով, կփորձեմ մանրամասն ներկայացնել խնդիրը։
Համակարգչի էջին միանգամից երևացել է 14 առաջադրանք: Ուսուցիչներից շատերը չեն պատկերացրել, որ ներքևում կա ևս 11 առաջադրանք և 14 առաջադրանքը լուծելուց հետո սեղմել են ավարտել կոճակը։ Պարզ է չէ՞, որ թղթային տարբերակում բացառվում է նման թյուրիմացությունը։
Չբացառված խնդիրներ
Փորձեմ բացատրել, թե ինչպես եմ պատկերացնում նման պատասխանատու գործընթացը՝ բացառել հնարավոր բոլոր թյուրընկալումները կամ շփոթեցնող իրավիճակները՝ հաշվի առնելով մասնակից խմբի տարիքը, սպասվող արդյունքի, ինչ-որ իմաստով, ճակատագրական լինելը, լարվածությունը և այլ գործոններ։
Նախ, մինչև քննությունների մեկնարկը տվյալ էջում տեղադրվեց փորձնական տարբերակ, ուշադրություն՝ ընդամենը 5 հարցից բաղկացած (խոսքը հայոց լեզվի թեստի մասին է․ մյուս առարկաների դեպքում չեմ կարող պնդել):
Երկրորդ՝ քննության ժամանակ համապատասխան գործողություններից հետո համակարգչի էկրանին միանգամից հայտնվող թեստից առաջ կարելի էր թեստի կառուցվածքի վերաբերյալ որևէ ծանուցում տեղադրել։
Էջը ձևավորված էր այնպես, որ էկրանի ձախ հատվածում միանգամից երևում են միայն 14 առաջադրանքներ (ինչպես հետո պարզվեց, կան նաև չերևացող առաջադրանքներ)։ Թե ինչպես պիտի ուսուցիչը գլխի ընկներ, որ առաջադրանքները այդքանով չեն սահմանափակվում, հայտնի չէ։
Փոփոխված էր նաև թեստի կառուցվածքը՝ նախորդ տարիների համեմատ, ինչը նույնպես շփոթեցնող էր․ այսինքն՝ ուսուցիչը կարող էր ենթադրել, որ առաջադրանքների սակավությունը պայմանավորված է նրանով, որ ավելի հեշտ առաջադրանքներն ուղղակի հանել են։
Պատկերացրեք 3 ժամ շարունակ լարված աշխատած ուսուցչի սարսափը, երբ անմիջապես տեսել է արդյունքը, բնականաբար՝ սպասվածից շատ ցածր, և չկատարված առաջադրանքների մասին ծանուցումը։
Համակարգչային ամենապարզունակ թեստերում դա օրինաչափ է։ Նույն խնդրի պատճառով եղել են ուսուցիչներ, որոնք լարվածության ու հոգնածության արդյունքում առաջադրանքի պահպանել կոճակի փոխարեն սեղմել են ավարտել կոճակը, և վերջ․․․
Ատեստավորման հետևանքը
Ստացվում է՝ անդառնալի ճակատագրական սխա՞լ են թույլ տվել։ Չեմ կարծում, թե վերը թվարկածս գործողությունների համար համակարգչային բարձրակարգ գիտելիքներ են պետք, ցանկությունն էլ կբավարարեր։
Այսքանից հետո մնում է հասկանալ՝ ի վերջո թեստերի էլեկտրոնային տարբերակից ավելի շատ շահե՞լ, թե՞, ինչպես միշտ, տուժել են ուսուցիչները, թե՞ դա կարևոր չէ․․․
Ուսուցիչ, ՄՀԿ համահիմնադիր
Հ.Գ. www.mediaforedu.am -ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել ատեստավորման խնդիրների վերաբերյալ 5 խումբ հարցեր, որոնց մի մասն անպատասխան ու չհստակեցված էր մնացել նախորդ 2 գրավոր հարցումներից հետո:
Նոր մեկնաբանություն