«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի ՖԲ էջից
Հունիսի 24-ին Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիներն առաջին անգամ հանձնեցին պատմությունից և գրականությունից ինտեգրված էսսեի ձևաչափով ավարտական քննություն։ Քննությունից հետո ուսուցիչները դժգոհեցին քննության բովանդակությունից, կազմակերպումից, գնահատման չափանիշներից և առաջ քաշեցին նոր ձևաչափի ներդրման հռտ կապված խնդիրներ։ Այս տարվա քննությունից հետո ուսուցիչների դժգոհություններն ամփոփող հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ mediaforedu.am–ի գրավոր հարցման համատեքստով։
Հետաքրքրվել էինք, թե պաշտոնական մարմինը նախաձեռնե՞լ է ուսումնասիրություն և ի՞նչ է պարզվել։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ այսօր ուղարկած գրավոր պատասխանի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ) հիմնադրամն իրականացրել է ուսումնասիրություն՝ վերլուծելով Երևանի 21 հանրակրթական դպրոցի ինտեգրված քննական էսսեները, արդյունքները դեռ ամփոփվում են։
Ստորև ներկայացնում ենք mediaforedu.am–ի գրավոր հարցերն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխաններն ամբողջությամբ։
mediaforedu.am
Արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականի 9-րդ դասարանի պատմությունից և գրականությունից ինտեգրված էսսեի համապետական քննությունից հետո իրականացրել է քննության արդյունքների, կազմակերպման և արդյունավետության ուսումնասիրություն կամ վերլուծություն։
ՀՀ ԿԳՄՍՆ
2026 թվականի 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված էսսեի ձևաչափով ավարտական քննության արդյունքների, կազմակերպման և արդյունավետության ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը պլանավորել և իրականացրել է 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված էսսեի ձևաչափով ավարտական քննության ուսումնասիրություն։
Ուսումնասիրության նպատակն է եղել գնահատել նոր քննաձևի կիրառման առանձնահատկությունները, ուսումնասիրել քննության կազմակերպման, բովանդակության և գնահատման գործընթացներին առնչվող հարցերը, ինչպես նաև վերհանել այն հիմնական գործոնները, որոնք կարող են նպաստել 2027 թվականի քննության ձևաչափի, գնահատման չափանիշների և կազմակերպական գործընթացի հետագա բարելավմանը։
mediaforedu.am
Եթե առաջին հարցի պատասխանը դրական է, ապա ի՞նչ հիմնական եզրակացությունների է հանգել նախարարությունը։ Ի՞նչ ուժեղ եւ թույլ
կողմեր, ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ուսումնասիրությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ
Ուսումնասիրության արդյունքների ամբողջական ամփոփումը դեռևս ընթացքի մեջ է, սակայն նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ինտեգրված էսսեի ձևաչափը կարող է նպաստել սովորողների միջառարկայական մտածողության, վերլուծական կարողությունների, փաստարկված գրավոր խոսքի և գիտելիքների համակարգային կիրառման զարգացմանը։
Ուսումնասիրվող գրավոր աշխատանքներում որպես ուժեղ կողմեր դիտարկվել են թեմայի ընդհանուր ըմբռնումը, առաջադրանքի պահանջների պահպանումը, գրական և պատմական նյութերի համադրման փորձը, էսսեի կառուցվածքի պահպանումը, մտքի հաջորդական ներկայացումը և լեզվական գրագիտությունը։
Միաժամանակ նախնական վերլուծությամբ արձանագրվել են նաև բարելավման կարիք ունեցող ուղղություններ։
Դրանք վերաբերում են պատմական նյութի առավել խորքային և նպատակային կիրառմանը, գրական և պատմական բաղադրիչների առավել գիտակցված ինտեգրմանը, փաստարկների լիարժեք հիմնավորմանը, ինքնուրույն դատողության և վերլուծական մտածողության զարգացմանը, ինչպես նաև գնահատման չափանիշների կիրառման միասնականության ապահովմանը։
Ուսուցիչների և սովորողների արձագանքները, ինչպես նաև գրավոր աշխատանքների վերլուծությունը ցույց են տալիս, որ նոր ձևաչափի լիարժեք ներդրման համար անհրաժեշտ է շարունակական մեթոդական աջակցություն, չափանիշների առավել մանրամասն պարզաբանում և ուսումնական գործընթացում ինտեգրված էսսեագրության կարողությունների հետևողական զարգացում։
mediaforedu.am
Եթե նման ուսումնասիրություն կամ վերլուծություն դեռևս չի իրականացվել, արդյո՞ք այն նախատեսվում է իրականացնել։ Եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում և ի՞նչ մեթոդաբանությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ
Ուսումնասիրությունն իրականացվել է 2026 թվականի հունիս–հուլիս ամիսներին։ Հետազոտության այս փուլում ընդգրկվել են Երևանի բոլոր վարչական շրջանները ներկայացնող 21 հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ ներառելով սովորողների թվաքանակով տարբեր՝ մեծ և փոքր դպրոցներ։
Հետազոտության այս փուլի իրականացումը բացառապես Երևանի դպրոցներում պայմանավորված է եղել տվյալների հավաքագրման, քննության ընթացքին ներկա գտնվելու, ինչպես նաև նախնական արդյունքների ամփոփման ժամանակային և մարդկային ռեսուրսային հնարավորություններով։
Քանի որ Գնահատման և թեստավորման կենտրոնն իրականացնում է քննական առարկաների արդյունքների քանակական տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հետազոտությունների բաժինը նպատակահարմար է համարել ուսումնասիրությունը կենտրոնացնել քննության որակական կողմերի վրա։
Ուսումնասիրության շրջանակում կիրառվել են տվյալների հավաքագրման և վերլուծության մի քանի մեթոդներ։
Մասնավորապես՝ իրականացվել են սովորողների և դասավանդողների առցանց հարցումներ՝ բացահայտելու քննության ձևաչափի վերաբերյալ նրանց վերաբերմունքը, մեթոդական գործընթացի առանձնահատկությունները, հիմնական դժվարությունները և ակնկալիքները։ Քննությունից հետո իրականացվել են «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ուսուցիչների մասնակցությամբ ֆոկուսխմբային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվել են քննության բովանդակության, ձևաչափի, կազմակերպման և գնահատման վերաբերյալ ուսուցիչների փորձը, մասնագիտական կարծիքներն ու առաջարկությունները։
Առավել ամբողջական պատկեր ստանալու նպատակով ուսումնասիրվել են նաև արդյունքների երեք մակարդակներում՝ ցածր, միջին և բարձր միավորներ գրանցած սովորողների գրավոր աշխատանքներ։ Վերլուծության ընթացքում դիտարկվել են սովորողների՝ թեմայի ըմբռնումը, գրական և պատմական նյութերի կիրառությունը, դրանց ինտեգրման մակարդակը, էսսեի կառուցվածքը, մտքի փաստարկումն ու հիմնավորումը, ինքնուրույն դատողությունն ու վերլուծական մտածողությունը, ինչպես նաև լեզվական գրագիտությունը։
Ֆոկուս խմբերի և առցանց հարցումների արդյունքները համադրվել են գրավոր աշխատանքների բովանդակային, կառուցվածքային և գնահատման վերլուծության հետ։ Այս համալիր մոտեցումը հնարավորություն է տվել քննությունը դիտարկել տարբեր կողմերից, բացահայտել տարբեր մակարդակի աշխատանքներին բնորոշ ուժեղ և թույլ կողմերը, գնահատման հնարավոր շեղումները, ինչպես նաև առանձնացնել քննական գործընթացի կազմակերպման, բովանդակության և գնահատման բարելավման հիմնական ուղղությունները։
mediaforedu.am
Ինչպե՞ս են ուսումնասիրության (կամ նախատեսվող ուսումնասիրության) արդյունքները հաշվի առնվելու 2027 թվականի 9-րդ դասարանի ինտեգրված էսսեի քննության ձևաչափի, գնահատման կարգի կամ կազմակերպման գործընթացի բարելավման ընթացքում։
ՀՀ ԿԳՄՍՆ
Ուսումնասիրության արդյունքները նախատեսվում է օգտագործել 2027 թվականի 9-րդ դասարանի ինտեգրված էսսեի քննության ձևաչափի, գնահատման չափանիշների և կազմակերպական գործընթացի բարելավման նպատակով։
Մասնավորապես՝ արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քննության առաջադրանքի կառուցվածքի հստակեցման, գնահատման չափանիշների վերանայման և առավել կիրառելի ձևակերպման, չափանիշների օրինակներով և մեկնաբանություններով համալրման, գնահատողների և ուսուցիչների համար մեթոդական աջակցության նյութերի մշակման, ինչպես նաև սովորողների նախապատրաստման գործընթացում ընթերցանության, փաստարկման, պատմական նյութի վերլուծության, միջառարկայական կապերի կառուցման և ակադեմիական գրավոր խոսքի զարգացման բաղադրիչների ուժեղացման համար։
Բացի այդ, ուսումնասիրության արդյունքները հաշվի կառնվեն «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ուսուցիչների համագործակցության առավել համակարգված կազմակերպման, փորձնական առաջադրանքների մշակման, նախապատրաստական աշխատանքների կատարելագործման և գնահատման մոտեցումների միասնականացման գործընթացներում։
mediaforedu.am
Եթե նախարարությունն իրականացրել է նման ուսումնասիրություն, խնդրում եմ արդյունքները, ամփոփ հաշվետվությունը կամ համապատասխան վերլուծական փաստաթղթերը տրամադրել mediaforedu.am-ին։
ՀՀ ԿԳՄՍՆ
Վերջնական փաստաթղթի պատրաստումից հետո արդյունքները սահմանված ընթացակարգերով կդիտարկվեն և կօգտագործվեն 2027 թվականի քննության ձևաչափի, գնահատման չափանիշների և կազմակերպական գործընթացի բարելավման նպատակով։
Համապատասխան վերլուծական նյութերի տրամադրման կամ հրապարակման հարցը կարող է դիտարկվել ուսումնասիրության ամբողջական ամփոփումից և ներքին մասնագիտական քննարկումներից հետո՝ գործող կարգավորումներին համապատասխան։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026

























































