
Լուսանկարը՝ Lena Granefelt – ի
Վերջին տարիներին հայաստանյան կրթական խոսույթում հաճախ է շրջանառվում «տարբերակված ուսուցում» հասկացությունը։
Այն համարվում է մեթոդամանկավարժական կարևոր մոտեցում, որը պետք է ապահովի յուրաքանչյուր երեխայի ներառումը ուսումնական գործընթացում։ Սակայն իրականությունն այն է, որ տարբերակված ուսուցումը մեր դպրոցներում ավելի շատ գաղափար է, քան գործնականում կիրառվող մեխանիզմ։
Խնդիրը ոչ թե և ոչ այնքան ուսուցչի կամքի կամ մասնագիտական պատրաստվածության մեջ է, այլ համակարգային խոչընդոտների, որոնք գործնականում այդ մոտեցումը դարձնում են գրեթե անհնար։
Ծրագիր, ժամեր և դասարան՝ անհաղթահարելի եռյակ։
Առաջին և ամենաակնհայտ խոչընդոտը ծրագրերի բարդության աստիճանի, ծավալի և առարկային հատկացված ժամաքանակի անհամապատասխանությունն է։ Ծրագրերը հիմնականում գերբեռնված են, պահանջները՝ բարձր, իսկ ժամանակը՝ սահմանափակ։ Ուսուցիչը հաճախ ստիպված է ընտրություն կատարել՝ կամ «հասցնել ծրագիրը», կամ աշխատանքը կազմակերպել՝ ելնելով աշակերտների կարիքներից։
30 և ավելի աշակերտ
Երկրորդ լուրջ խնդիրն աշակերտների քանակն է դասարանում։ 30 և ավելի երեխաներից բաղկացած դասարանում անհատական մոտեցման կամ նույնիսկ խմբային տարբերակման մասին խոսելը պահանջում է խիստ զգուշավորություն։ Նման պայմաններում ուսուցիչը աշխատում է պայմանական «միջին վիճակագրական» աշակերտի համար՝ անխուսափելիորեն դուրս թողնելով թե՛ հետ մնացող, թե՛ առաջադիմող երեխաներին։
Դասագրքեր
Երրորդ խոչընդոտը դասագրքերն են։ Բազմիցս խոսվել է դասագրքերի լեզվի մատչելիության կարևորության մասին, սակայն խնդիրը դեռ չի լուծվում։ Փաստացի, մեր դասագրքերը նախատեսված չեն ինքնուրույն ուսումնառության համար։ Եվ, որպես կանոն, վարժություններն ու առաջադրանքները տարբերակված չեն՝ ըստ բարդության աստիճանների։
Շվեդական փորձը․ ոչ թե դասագիրք, այլ վարժությունների ձեռնարկ։
Հակադրության համար արժե դիտարկել շվեդական դպրոցի մաթեմատիկայի դասագրքի օրինակը, որը, ըստ էության, դասական իմաստով դասագիրք չէ, այլ վարժությունների ձեռնարկ։ Կառուցվածքը շատ պարզ է, բայց խորապես մտածված։

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Էջերը գունանշված են՝ կապույտ, կանաչ, կարմիր և սև։ Յուրաքանչյուր գույնը համապատասխանում է բարդության որոշակի մակարդակի։ Կապույտը՝ առավել պարզ վարժություններ, կանաչը` միջին բարդության, կարմիրը՝ միջինից մի փոքր ավելի բարդ, իսկ սկ սևը՝ խորքային և բարդ խնդիրներ։ Այսինքն՝ նյութը տարբերակված է չորս մակարդակով։
Մակարդակները՝ գույներով
Սա թույլ է տալիս, որ աշակերտը (ուսուցչի ուղղորդմամբ) ընտրի իր հնարավորություններին համապատասխան մակարդակը․ եթե ժամանակի ընթացքում հաղթահարում է այդ մակարդակը, անցնում է հաջորդ գունանշված էջերին, եթե չի հաղթահարում, շարունակում է առարկան ուսումնասիրել այդ մակարդակում և հանգիստ փոխադրվում է հաջորդ դասարան։
Այս մոդելի շնորհիվ երեխաները անուղղակիորեն չեն պիտակավորվում ՝ «ուժեղ» կամ «թույլ»։ Այն տալիս է ընտրության հնարավորություն։ Երեխան աշխատում է այն մակարդակում, որտեղ կարող է թեկուզ դանդաղ առաջընթաց գրանցել, ուստի ներգրավված լինել կրթական գործընթացին։ Արդյունքում շահում են բոլորը․ դանդաղ մտածող աշակերտը չի կորցնում ինքնավստահությունը, առաջադիմող աշակերտը չի ձանձրանում և չի կանգնում տեղում։
Պիաժեից մինչև Վիգոտսկի
Տարբերակված ուսուցման անհրաժեշտությունը նորություն չէ․ այն ոչ միայն հաստատվել է տարիների փորձով, այլև ունի մանկավարժահոգեբանական հետազոտություններով հիմնավորված հենք։ Ժան Պիաժեն և Լև Վիգոտսկին դեռևս 20 – րդ դարում փաստում էին, որ միևնույն տարիքային խմբում երեխաների մտածական զարգացման մակարդակների միջև կարող է լինել 3 – 6 տարվա տարբերություն։
Սա նշանակում է, որ նույն դասարանում կարող են սովորել երեխաներ, որոնցից մեկը դեռ պատկերային մտածողության փուլում է, իսկ մյուսը արդեն անցում է կատարել վերացական մտածողությանը։ Նման պայմաններում բոլորից նույն բարդության խնդիրներ պահանջելը ոչ միայն անարդար է, այլև հակամանկավարժական։
Գաղափարից դեպի համակարգ
Տարբերակված ուսուցումը չի կարող իրականացվել միայն ուսուցչի անձնական ջանքերով։ Միայն համակարգված մոտեցումը՝ ծրագրեր, դասագրքեր, դասարանների ծանրաբեռնվածություն և, ընդհանրապես, կրթության փիլիսոփայություն, հնարավոր կդարձնի դրա իրագործումը։
«Արժեքահեն կրթություն» խորագրով շարքը վարում են
Լիլիթ Ավագյանը և Նելլի Հայրապետյանը։























































