
Լուսանկարը՝ Guardian-ի կայքի
Բրիտանիայում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը դասերից հետո դրսում չի խաղում, իսկ 5-ից 1-ը՝ հանգստյան օրերին չի խաղում. պարզվել է Էքսեթերի համալսարանի հետազոտությամբ։ Գիտնականները պնդում են, որ դրսում խաղալը դրական ազդեցություն ունի երեխաների սոցիալ-էմոցիոնալ հմտությունների զարգացման վրա։
Հետազոտությունը հիմնված է բազմազգ ծրագրով 2,500 երեխաների տվյալների վրա. ուսումնասիրվել է մայրերի և երեխաների առողջությունն ու բարեկեցությունը։ Ծնողների լրացրած հարցաթերթիկների միջոցով գնահատվել են երեխաների սոցիալ-էմոցիոնալ հմտությունները։ Արդյունքները ցույց են տվել, որ դրսում խաղացող երեխաները ավելի լավ են կարողանում հասկանալ ու կառավարել իրենց զգացմունքները, ինչպես նաև շփվել շրջապատի հետ։
Հետազոտությունը, որը ֆինանսավորել է Բժշկական հետազոտությունների խորհուրդը, բացահայտել է նաև էթնիկական տարբերություններ․ բրիտանացի երեխաները ավելի շատ են դրսում խաղում դպրոցական օրերին, իսկ հարավասիական ծագում ունեցողները՝ հանգստյան օրերին։ Բացի այդ, քիչ սոցիալական դժվարություններ ունեցող համայնքներում ապրող երեխաները դրսում խաղալուց ավելի մեծ օգուտ են ստանում:
Հետազոտության ղեկավար դոկտոր Մարկ Ֆերգյուսոնը նշել է․ «Արտաքին խաղի կտրուկ նվազումը մտահոգիչ է, քանի որ այն կապված է ճարպակալման, անհանգստության և դեպրեսիայի հետ։ Պետք է ստեղծել խաղի համար հարմարավետ և անվտանգ տարածքներ՝ ընտանիքների առողջ ու ակտիվ կյանքը խթանելու համար»։
Born in Bradford ծրագրի տնօրեն պրոֆեսոր Ռոզի Մաքիչանը պնդել է, որ երեխաների հոգեկան առողջության համար չափազանց կարևոր է էկրաններից հեռու լինելն ու դրսում խաղալը։ Նրա խոսքով՝ Բրեդֆորդում կան բազմաթիվ գեղեցիկ այգիներ, սակայն հավասարապես կարևոր են նաև փողոցները, պետք է ապահովել, որ դրանք լինեն անվտանգ ու մաքուր։
Մեծ Բրիտանիայի նախկին մանկական հանձնակատար Էն Լոնգֆիլդը կառավարությանը կոչ է արել ընդունել ազգային խաղի ռազմավարություն՝ ընդգծելով, որ խաղը երեխաների սոցիալական հմտությունների, ինքնավստահության և ֆիզիկական ակտիվության կարևոր միջոցն է։
Մեքենայացումից, խաղահրապարակների ֆինանսավորման կրճատումից և երիտասարդական ակումբների պակասից երեխաները զրկվում են դրսում խաղալու հնարավորությունից։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ ներդրում է անում սպորտային հարթակների կառուցման համար և դպրոցներում զարգացնում է «Բնության ազգային կրթական այգի» ծրագիրը՝ ստեղծելով ավելի կանաչ տարածքներ։

























































