
Լուսանկարը՝ Guardian-ի
Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Բրիջիթ Ֆիլիպսոնը հայտարարել է, որ տղաների ապագան «մեր ժամանակի հիմնական հարցերից է» և կոչ է արել ավելացնել տղամարդ ուսուցիչների թիվը՝ դպրոցականների շրջանում «թունավոր» վարքագծի դեմ պայքարելու համար։
Նախարարն ընդգծել է, որ բրիտանացի տղաներն ու երիտասարդները կարիք ունեն ուժեղ դրական օրինակների, որպեսզի կարողանան դիմակայել թվային մեդիայի վտանգներին և մերժել ատելության ու բռնության քարոզը։
Ֆիլիպսոնը նշել է, որ դպրոցներն այս խնդիրը չեն կարող լուծել միայնակ, և պատասխանատվությունը սկսվում է ընտանիքից։
Մեծ Բրիտանիայում տղամարդ ուսուցիչների թիվը շարունակում է ցածր մնալ․ ուսուցիչների ընդամենը 25%-ն է տղամարդ, իսկ նախնական կրթության ոլորտում այդ թիվը նվազում է՝ հասնելով 3%-ի։
Միաժամանակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդ ուսուցիչների առկայությունը չի ապահովում էական բարելավում տղաների ուսումնական առաջադիմության կամ վարքագծի մեջ։
Մեծ Բրիտանիայի երեխաների հարցերով հանձնակատար Ռեյչել դե Սուզան զգուշացրել է, որ երեխաներն իրենց կտրված են զգում հասարակությունից և հաճախ ուշադրություն են փնտրում համացանցում։ Նա ընդգծել է, որ մեծահասակները պետք է ավելի ուշադիր լսեն երեխաներին և արձագանքեն նրանց կարիքներին։
Դե Սուզան նաև հայտարարել է, որ ուսումնասիրելու է դպրոցներում բջջային հեռախոսների կիրառման հարցը, ինչպես նաև պատրաստվում է վերլուծել, թե երեխաների վրա ինչ ազդեցություն են ունենում կեղծ տեխնոլոգիաները, որոնք արհեստական բանականության միջոցով կարող են վերարտադրել դեմքեր և ձայներ։
Նոր մեկնաբանություն