Լուսանկարը՝ Երևանի Նաիրի Զարյանի անվան N130 հիմնական դպրոցի էջից
Երևանի Նաիրի Զարյանի անցան N 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից։ Նա այս տեղեկությունն այսօր գրավոր հայտնեց «Մեդիան հանուն կրթության» ՀԿ գրությանն ի պատասխան։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն հետաքրքրվել էր, թե տնօրենը կատարե՞լ է արդյոք ՀՀ կրթության տեսչական մարմնի հանձնարարականները։ «29․02․24թ․ ից սկսել եմ կատարել հանձնարարականները, սակայն պայմանավորված առողջական խնդիրներով՝ գտնվել եմ չվճարված արձակուրդում»,- նշված է տնօրենի ստորագրությամբ ուղարկված գրավոր պատասխանի մեջ։
Հետաքրքրվել էինք նաև, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է դպրոցում։ Տնօրենը գրավոր պատասխանի մեջ նշել է․ «Այս պահին դպրոցի բարոյահոգեբանական վիճակի մասին տեղյակ չեմ»։
Տնօրենի պաշտոնից, փաստորեն, ազատված Նվարդ Հովսեփյանը գրավոր պատասխանի մեջ նաև նշել է․ «Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել եմ ի շահ երեխաների կրթությանն ուղղված հարցեր և ազատման դիմում եմ ներկայացրել»։
Նվարդ Հովսեփյանը նաև գրավոր հայտնել է․ «Դատախազություն որևէ կարգավիճակով չեմ հրավիրվել»։
Հիշեցում․ Տեսչական մարմինը գրավոր տեղեկացրել էր, որ դպրոցում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել էր դատախազություն։
ՀՀ կրթության տեսչական մարմինը մարտի 6-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր,
որ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի` 2024 թվականի հունվարի 19-ի հրամանով Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ մինչև ս.թ. փետրվարի 27-ը: Փետրվարի 6-ի որոշմամբ երկարաձգվել է դպրոցի նկատմամբ իրականացվող վարույթի ժամկետը՝ նոր հանգամանքներն ու տեղեկությունների իսկությունը պարզելու, մասնագետների փորձագիտական եզրակացությունները ստանալու նպատակով։
Նոր մեկնաբանություն