Լուսանկարը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքից
Դպրոցը միշտ կարող է գտնել գրադարանը գրավիչ դարձնելու ուղին։ Մեկ անգամ չէ, որ փոխվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը՝ մի կողմ թողնելով բոլոր կարծրատիպերն ու ներդաշնակ գործելակերպ ծավալելով դպրոցում։
«Ուսումնառության պահանջների բարդացման, տեխնոլոգիաների ներդրման, կրթական առաջադրանքների ու նպատակների փոփոխությունների պատճառով գրադարանային և տեղեկատվական ծառայությունները նույնպես ենթարկվում են մեծ փոփոխությունների»,- ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանավար Նոննա Գրիգորյանը:
www.mediaforedu.am-ի խմբագիր, լրագրող Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանավար Նոննա Գրիգորյանը բացատրեց, թե ինչպես և ինչու են տեղի ունենում փոփոխություններն՝ իրենց գրադարանում։
– Մենք՝ հեղինակային դպրոցի գրադարանավարներս, անընդհատ նոր ուղիներ ենք փնտրում դեպի մեր որդեգրած ճանապարհը։ Շատ զգայուն ենք այն բոլոր փոփոխությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում ոչ միայն դպրոցի տարածքում, այլև մեր ժամանակակից օգտատերերի կերպարներում։ Գրադարանը ծառայում է ի շահ մարդու զարգացման՝ նրա ինտելեկտի, մշակույթի, հայրենասիրության, մարդասիրության։ Դա հատկապես կարևոր է դպրոցական գրադարանի համար:
Այս դերն արդյունավետ և լիարժեք կատարելու համար դպրոցի գրադարանը պետք է ունենա ընթերցասրահ՝ գրադարանավարներով։
Հենց ընթերցասրահից սկսվեց գրադարանների կյանքը, երբ գրքերը հազվադեպ երևույթ էին, և ոչ մեկի մտքով չէր անցնում դրանք տուն տանել:
Ընթերցասրահը դպրոցի գրադարանի հիմքն է։ Իհարկե, դուք կարող եք կարդալ ամբողջ համալիրի տարածքում: Բարեբախտաբար, մեր տարածքը բաց է, արգելված վայրեր չկան. կարող եք անգամ նստել աստիճանների վրա և կարդալ գիրք կամ էլեկտրոնային կրիչով:
Լուսանկարը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքից
– Կարո՞ղ ենք ասել, որ մարդու ինտելեկտուալ դաստիարակության հարցում շատ մեծ կարևորություն ունի, թե նրա դպրոցի գրադարանն ինչպիսին է։
– Իմ կարծիքով, հենց մասնագետի որոշումներով ձևավորված ընթերցասրահն է, որ էական դեր պետք է ունենա մարդու ինտելեկտուալ դաստիարակության գործում։ Պարզապես մոլորություն է ամբողջ դպրոցի տարածքով մեկ գրապահարաններ տեղադրելն ու հույս ունենալը, թե սովորողները կգտնեն իրենց անհրաժեշտ նյութերը: Նույնիսկ, եթե ցուցանակներ տեղադրեն, բավարար չէ։ Ամեն աչք չէ, որ տեսնում է ամեն ինչ։
– Մեր ժամանակներում միտում կա մարդու գործոնը փոխարինել ռոբոտով։ Այս իրողության պայմաններում, ըստ Ձեզ, որքանո՞վ է կարևոր գրադարանավարի ներկայությունը։
– Գիրքն իր տեղից վերցնել և տեղը հետ չդնել՝ նշանակում է՝ կորցնել այն։ Այստեղ անհրաժեշտ է գրադարանավար։ Ժամանակակից ընթերցողին անհրաժեշտ է ժամանակակից մասնագետ՝ հատուկ որակներով․ բարեհաճություն, ընթերցողի հետ միասին տեղեկատվական ծովը սուզվելու պատրաստակամություն։
– Ինչպե՞ս որոշվեց համալիրի այսօրվա գրադարանի ձևավորումը։
– Գրադարանը պետք է լինի լուսավոր, գրավիչ, հարմարավետ, հարմարակյաց վայր։ Դպրոցի նկարիչն ընտրեց ձևավորման գույնը՝ նարնջագույնը։ Այսինքն և՛ դարակները, և՛ սեղանները նարնջագույն են։ Լուսամփոփներն ինքնատիպ են։ Գրապահարանները դասավորված չեն դասական շարքերով։ Բայց ամենաստեղծագործական լուծումը յոթ աստիճան ունեցող սանդուղքի օգտագործումն էր։ Հսկայական պատուհանները նայում են սպորտային համալիրի հոյակապ դաշտին։ Պատերը ծառայում են որպես ցուցահանդեսային ստենդ գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքների համար։ Ծաղիկները պարտադիր են:
– Ինչպե՞ս եք ընտրում գրքի ֆոնդը։
– Դպրոցն աշխատում է ձեռք բերել ժամանակակից գրողների գրքեր: Անցկացնելով միջոցառումներ, հրավիրելով ժամանակակից գրողների, թարգմանիչների՝ մեր սովորողները հնարավորություն ունեն զրուցելու հեղինակների հետ, տալու իրենց հետաքրքրող հարցերը: Ընթերցասրահում կա դաշնամուր, կա շարժական էկրան ՝ պրոյեկտորով։ Սեմինարներն անցկացվում են մեծ և փոքր խմբերով, իսկ սեղանները փոխում են իրենց դասավորությունը ՝ համաձայն աշխատանքային խմբի պահանջի:
Լուսանկարը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքից
– Մի՞շտ է զբաղված գրադարանը։
– Լուսավոր, պայծառ, գունեղ, միշտ բաց ընթերցասրահը երբեք դատարկ չի լինում: Ընթերցասրահի մթնոլորտը գրավում է նրանով, որ երեխաները կարող են շփվել իրենց ընկերների հետ մի բաժակ թեյի կամ կակաոյի շուրջ (էլեկտրական թեյնիկը միշտ պատրաստ է)։ Մեր գրադարանավարն անպայման նրբանկատորեն զրույցի մեջ կմտնի այցելուի հետ ու կհարցնի, թե ինչպե՞ս են գործերը, ի՞նչ ենք կարդում, դո՞ւր եկավ, թե՞՝ ոչ։ Երեխաներն էլ, ուսուցիչներն էլ վստահում են մեզ՝ խնդրելով խորհուրդ տալ՝ ինչ կարդալ։
– Կա տեսակետ, որ միայն գիրք կարդալու փաստը բավարար չէ ինտելեկտուալ զարգացման համար և անհրաժեշտ է ունենալ պրպտող միտք։ Համաձայն չե՞ք։
– Համոզված եմ, որ գրքերից գալիս է գիտելիքի էներգիան: Հատկապես փոքրիկների համար կարևոր է լինել այս միջավայրում։ Գիրքը պետք է դրված լինի այնպես, որ գրավի։ Նախ պետք է անպայման տեսնեն, հետո ուսումնասիրեն, նոր կսկսեն կարդալ։
– UNICEF-ը դեռ անցյալ տարի հետազոտություն էր հրապարակել ու պնդել սմարթֆոնների բացասական ազդեցությունը՝ երեխաների վրա։ Ի՞նչ անել, որ հենց ձեր կրթահամալիրում ավելի շատ երեխաներ գան գրադարան ու գիրք կարդան։
– Մեր կրթահամալիրը մեդիակրթություն է իրականացնում, և դրա հետ մեկ տեղ մենք շատ ենք կարևորում գրքերի հանդեպ սերը, որը և դաստիարակում ենք մանկապարտեզից սկսած։ Օրինակ՝ ընթերցանության նախագծերի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները այցելում են մանկապարտեզների խմբեր, կարդում են հեքիաթներ։ Այնուհետև փոքրիկներն են գալիս իրենց դասվարի հետ, իհարկե դեռ կարդալ չգիտեն, միայն նկարներն են նայում։ Իմ պրակտիկայի ընթացքում ես նկատել եմ. նա, ով հաճախ դիպչում է գրքերին, թերթում է, գրադարանում նկարներ է դիտում, հենց նա է պոտենցիալ ընթերցող: Դե, եթե ընթերցող է, ապա ապագա հետազոտող է. հենց դա է գրադարանի գործը:
Ցանկալի է, որ նոր հրատարակության գրքեր լինեն գրադարանում։ Երեխաներին և ընդհանրապես բոլորին դժվար է կարդալ հին տառատեսակը։ Եվ այդ պատճառով էլ շատերը գերադասում են թվային տարբերակը։
Մեր կրթահամալիրում ընդունված է գիրք նվիրելու մշակույթը։
– Ընթերցող երեխայի դեպքում ուսուցիչների գործը որքանո՞վ է հեշտանում։
– Ընթերցանության ներգրավման համար պայմաններ ստեղծելով՝ մենք ապահովում ենք կրթության օվկիանոսի այն կաթիլը, որը կօգնի ուսուցչին աշխատել ընթերցող աշակերտի հետ: Ի վերջո, եթե նա չի սիրում կարդալ տեքստը, ինչպե՞ս կրթություն կստանա։
Նոր մեկնաբանություն