Ուշանում է ԿԳՄՍ նախարարությունը․ դեռ հանգիստ խղճով լավագույն տնօրենի անվանակարգը չի շնորհել Արմավիրի թիվ 8 դպրոցի տնօրենին։ Ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ Արմավիրի թիվ 8 դպրոցի տնօրենը չի կարող հավակնել նույն՝ 10/10 նշանակետին խփող տիտղոսին։ Կամ ինչո՞վ է պակաս Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան N 130 հիմնական դպրոցի տնօրենը, որի հրաժարականի պահանջի մեջ ներքաշվել են նաև երեխաները։
Ի՞նչ է պետք «լավագույն տնօրեն» անվանակարգը նվաճելու համար։
Այս երկու տնօրեններն էլ կարող են, չէ՞, հպարտորեն հայտ ներկայացնել նախարարություն՝ «նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի հիման վրա»։ Եթե հրապարակվում է տեսանյութ, որտեղ ի ցույց է դրվում կրթության առաքելությանը խորթ արատների մի փունջ, ինչի՞ց խուսափել ու չհավակնել «լավագույնի» ամպագոռգոռ տիտղոսին։ Կամ երբ հրապարակ են նետվում տեղեկություններ տեսչական մարմնի ստուգումների վերաբերյալ։
Հունվարի սկզբին «լավագույն տնօրենի» և առհասարակ մյուս «լավագույնների» մասին ՖԲ-ում իր գրառմամբ կարգ էր հուշել ԿԳՄՍ նախարարը։ Բայց սրանով չէր սահմանափակվել ու նաև գրել էր․ «Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների»։ Հենց այսպես էլ լավագույնի ձգտող տնօրեններին ոգևորել էր նախարարը։ Մնում է հարցնել՝ դուք, իսկապես, բանուգործ չունե՞ք։
Բանուգործն անտեսվեց 2018-ից հետո․ որևէ մեկն այդպես էլ չկարողացավ 2018-ից հետո կառավարությանը ոգևորել տարիներով ընտրակեղծիքների մեջ թաթախված դպրոցների տնօրենների հարցն արմատապես լուծելու համար։ Ոչ էլ իրավապահ համակարգը կարգի բերելու հարցում․ որ եթե չարաշահումներ լինեն դպրոցում կամ չարաշահումների վերաբերյալ զրպարտիչ հայտարարություններ լինեն, պետությունն այդ բարեփոխված, վեթթինգի ենթարկված համակարգի միջոցով տա բոլոր հարցերի պատասխանները, քաղաքացիներն էլ հստակ վստահեն իրավապահներին ու իրենց երեխաներին, աշակերտներին զերծ պահեն դասադուլներից։ Որ դպրոցը վերջապես վերադառնար իր բուն առաքելությանը՝ դուրս գալով ճահճից։
Իսկ այսօրվա իրականության մեջ կարելի է նաև հարցնել․ ի՞նչն է խանգարում, որ 2018-ից հետո, օրինակ, Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնում ընտրված ու «լավագույնը» երևալու անթաքույց ձգտում ունեցողն առանց երկմտելու իր մասնակցությամբ գլուխգործոց-տեսանյութը հրամցներ կրթության ոլորտի «կատարողների» մակարդակը որոշողներին։
Ի՞նչը կարող է լավագույնս բնորոշել այն ուսուցիչների ապահոված կրթության որակը, եթե ոչ այդ անկեղծության նմուշը՝ տեսանյութը, որտեղ ամեն ինչ պատկերված էր այնպես, ինչպես կա․ տնօրենին հաճոյանալու անսահման պատրաստակամություն՝ սկսած տնօրենի անծայրածիր կաբինետի դուռը թակելու նվաղումից, վերջացրած ենթակաների սեթևեթանքից, որը երբեք ու երբեք չէր կարող ու չի կարող աչքաթող անել որևէ տեսախցիկ, ուր մնաց՝ տնօրենի մեկ այլ ենթակայի տեսախցիկը։
Մեզ մնում է պատկերացնել, թե ինչ են սովորում դպրոցում երգեցիկ ասմունք լսող ու քծնանք, բանսարկություններ, անհաշտ իրավիճակ տեսնող մեր երեխաները։
Եվ ո՞վ պիտի կարդա ՀՀ օրենքը՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Ո՞վ պետք է փորձի հասկանալ, թե որպես ինչ է ՀՀ օրենքում գրվել «կառավարման նոր որակի ապահովում»։
Ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել, եթե կրթության առաքելության փոխարեն պետականորեն է խրախուսվում ցուցադրական ակտը։
Ի՞նչ նպատակով է մինչև 2030 թվականի մոտեցումները սահմանող օրենքում գրվել, թե «ներկայում առկա է քաղաքական կամք և հստակ նպատակադրում` կառուցելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող․․․խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառող, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր՝ բոլորի համար»։
Ի՞նչ խնդիրներ կարող են սահմանվել օնլայն ռեժիմով փայլող այսօրվա դպրոցական միջավայրում բացի սրտի դողով որոշվող հարցից, թե տնօրենին ինչը կգոհացնի, ինչը՝ ոչ այնքան։ Եվ այդպես՝ ամբողջ աստիճանակարգի տիրույթում։
Եվ ինչպե՞ս կարող ենք օրենքի ու իրականության նժարներին նայելով՝ հավատալ, որ մինչև 2030 թվականի «ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է՝ գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»: Այս ամբողջ վերացականության կույտի յուրաքանչյուր բառ փամփուշտի պես մահացու է օրենքով գրվածին լուրջ վերաբերող քաղաքացու համար։
Եթե պետականորեն չապահովվի սթափություն, մեզ ոչ միայն կրթությունն էլ չի փրկի, այլև ներկայիս մակարդակը կսրբի-կտանի ամեն ինչ։
Իսկ լավագույն ուսուցիչները, լավագույն տնօրենները լուռ, գլուխները կախ՝ իրենց գործն են անում։ Ոչ մի լավագույն երբեք ոչ մի նախարարի շնորհած տիտղոսի կարիք չունի․ լավագույն ուսուցչի ամենամեծ տիտղոսը վաղվա կիրթ, զարգացած քաղաքացին է, որն ի զորու է զարգացնել հասարակական հարաբերությունների մակարդակը, պետությունը։ Դեռ երազանք է։
Անուշ Մարտիրոսյան
Նոր մեկնաբանություն