
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Դպրոցական համակարգում էսսեի ներդրումը կարևոր գաղափար է։ Այնուամենայնիվ նկատի ունենալով մեր կրթահամակարգի անցած ճանապարհի հայեցակարգային բնույթը, որտեղ գրեթե բացակայում էին քննական մտածողությունը և ստեղծագործական կարողության ձևավորումը, կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ էսսե գրելու հմտությունը այնքան զարգացնել, որ հասունանա էսսեն՝ որպես ավարտական քննության ձևաչափի ներդրումը։
“Մեդիան հանուն կրթության” ՀԿ-ն ավարտական քննական էսսեի վերաբերյալ ուսուցիչների մտահոգություններին համահունչ մանրամասն առաջարկներ ներկայացրեց ԿԳՍՄՆ-ին՝ խնդիրը մեղմելու և միջանկյալ լուծումների ակնկալիքով, սակայն ստացավ մերժողական պատասխան։ Նախարարությունը առանց լուրջ հիմնավորումների մերժեց ՀԿ-ի ներկայացրած բոլոր կառուցողական առաջարկները։ Ուստի՝ շատ կարևոր է մեթոդական որոշ առաջարկներ ներկայացնելը և իրենց աշխատանքի հանդեպ նախանձախնդիր ուսուցիչներին օգտակար լինելը։ Ուսուցիչնեչը, փաստորեն, ստիպված են միայնակ հաղթահարել պարտադրված պահանջը։ Խոսքն այն ուսուցիչների մասին է, որոնց համար առաջնային է ոչ թե կրթական արդյունքների միավորային ցուցիչը, այլ իսկապես որակյալ կրթությունը։
Էսսեն կամ խոհագրությունը պահանջում է մտքերը ձևակերպելու հմտություն, որը պետք է զարգացնել վաղ տարիքից։ Ներկայացնենք էսսե գրելու հմտության ձևավորմանը և զարգացմանը ուղղված կարևոր քայլերը, մեթոդներն ու հնարները։
Հեքիաթի կարևորությունը
Տարրական դպրոցում հեքիաթի կարևորությունը հաճախ բացատրվում է «դաստիարակող» կամ «խրատական» բնույթով։ Սա սխալ պատկերացում է։ Իրականում երեխաների ներաշխարհը ձևավորվում է ոչ թե բարոյախրատական, այլ հրաշապատում, արխետիպային հեքիաթների միջոցով։ Այդ հեքիաթները գործում են կերպարային վերապրումներով, որոնք երեխային հնարավորություն են տալիս ներքին մակարդակում աշխատել զգացումների, վախերի, ուժերի, ձգտումների հետ՝ առանց բառերով բացատրելու։ Ուստի տարրական դպրոցում հեքիաթը «ժամանց» կամ «դաստիարակչական նյութ» չէ․ դա մանկան հոգին ձևավորող խորքային արվեստ է։ Հրաշապատում և արխետիպային հեքիաթները՝
Կարևոր է, որ ուսուցիչը ոչ թե կարդա կամ հանձնարարի կարդալ հեքիաթները, այլ ինքը պատմի խորհրդավոր, բայց ոչ պաթետիկ ձայնով։ Պատմի այնպես, որ երեխան ընկալի բառերի ոչ միայն իմաստը, այլև ռիթմը, ընկալի կերպարների էներգիան։ Սա կնպաստի խորքային լեզվազգացողության և պատկերային մտածողության զարգացմանը, ինչը հետագայում սեփական խոսքը կդարձնի գիտակցված, բովանդակային և հարուստ։
Արհեստներ և արվեստներ
Փոքր տարիքից արհեստների և արվեստների ուսուցանումը պարզապես հաճելի զբաղմունք չէ․ դա ուղեղի զարգացման համար խոր և գիտականորեն հիմնավորված ներդրում է։
Երբ երեխայի մատները ձևավորում են կավը, կամ երեխան նկարում է, շյուղերով հյուսում է, փորձում է գտնել ճիշտ ձևը կամ համաչափությունը, աշխատում է մանր մոտորիկան՝ այն նուրբ շարժումները կառավարող համակարգը, որը ուղղակիորեն կապված է ուղեղի բարձր կենտրոնների հետ։ Մանր մոտորիկայի ակտիվացումը խթանում է նյարդային կապերի ձևավորումը, ուժեղացնում է ուշադրությունը, արագացնում է տեղեկատվության յուրացումը և նպաստում է մտածողության ճկունությանը։
Ավելին՝ արհեստների և արվեստների միջոցով երեխան զարգացնում է ոչ վերբալ մտածողության ձևերը՝ ձևի, գույնի, տարածության, շարժման, նյութի հատկությունների ընկալումը։ Այս ընկալումն ու «ազդանշանային լեզուն» լինում են վերբալ մտածողությունից առաջ և հիմք են դառնում հետագայում խոսքը, հասկացությունները, տրամաբանական կապերը արդյունավետ ձևավորելու համար։ Երբ երեխան նախ սովորում է տեսնել, զգալ, համադրել, փորձարկել՝ առանց բառերի, նա ստեղծում է այն ներքին կառույցները, որոնց վրա հետո կարող են կառուցվել բառային բացատրություններն ու հասկացությունները։
Այս պատճառով է, որ վաղ տարիքի արհեստներն ու արվեստները ոչ միայն զարգացնում են ստեղծագործականությունը, այլև իրականում «վերակառուցում» են ուղեղը՝ ապահովելով բոլոր հետագա մտավոր գործընթացների հիմքը։
Ուստի՝ տարրական դպրոցի կրթական ծրագրերում պետք է մեծ տեղ տրվի արհեստների և արվեստների ուսուցմանը, և դրանց հատկացված դասաժամերը, ինչպես սովորաբար, ցավոք, անում են մեր դասվարներից շատերը, երբեք չպետք է ստորադասվեն մյուս («ավելի կարևոր» համարվող) առարկաներին։
Ազատ խոսքը՝ խոհագրության հիմք
Նախքան երեխաներին սեփական խոհերը գրել հանձնարարելը պետք է խթանել նրանց ինքնաբուխ, ազատ խոսքը։ Ցավոք, մեր կրթահամակարգը հիմնականում հենվում է պարտադիր ծրագրային գիտելիքը տալու և պահանջելու մոդելի վրա․ ազատ զրույցը տեղ չունի և չի խրախուսվում։ Մինչդեռ շատ կարևոր է լսել երեխային՝ սկսած տարրական դպրոցից։
Պարզապես թողնել, որ երեխան խոսի, թողնել, որ նախքան գիրը նրա մտքերը ձևավորվեն պատկերների, զգացումների, սեփական պատմությունների բնական հոսքից։
Լսելու ունակության խթանում
Լսելու ունակությունը պետք է զարգացնել տարրական դպրոցում․ դա մարդու սոցիալական, հուզական և մտավոր զարգացման առանցքն է։ Երեխան պետք է կարողանա լսել ոչ միայն ուսուցչին, այլև իր հասակակիցներին՝ հասկանալ, սպասել, արձագանքել, շարունակել և այլն։ Այլ խոսքով՝ պետք է երեխան ինքնակառավարման միջոցով ձեռք բերի հաղորդակցական և թիմային աշխատանքի հմտություն։ Լսելու հմտությունը խթանելու մի քանի հնարներ՝
Այս, թվում է, շատ պարզ հնարներն աստիճանաբար ձևավորում են լսելու մշակույթ, որը գրավոր խոսքի զարգացման համար ոչ պակաս կարևոր պայման է։
Ուսուցիչը պիտի լինի լսել կարողացողի ամենավառ օրինակը․ նա նաև պետք է կարողանա խթանել երեխաների՝ հարցեր տալու ցանկությունը։
Դիտողականության խթանում
Դիտողականության զարգացումը կարևոր է դպրոցում։ Ի դեպ, այս ունակության զարգացումը պետք է լինի բոլոր առարկաների դասավանդման հիմքում։ Առանց մանրամասները նկատելու և դրանք նկարագրելու հնարավոր չէ հիմնավոր, տրամաբանված վերլուծություն կատարել։ Դիտողականությունը զարգացնող մի քանի գործնական հնարներ՝
Նոթագրություն
Միջին դպրոցում պետք է զարգացնել նոթեր գրելու հմտությունը, ինչպես նաև ազատ շարադրանքը։ Նոթագրությունը մտածողության կազմակերպման արդյունավետ մեթոդ է։ Եթե տարրական դպրոցում երեխան պարզապես լսում ու պատմում է, ապա միջին դպրոցի ավելի բարդ ուսումնական բովանդակությունը պահանջում է գաղափարների, տեղեկությունների, կապերի գիտակցված համակարգում։ Այդ գործընթացի ամենաարդյունավետ գործիքը հենց նոթագրությունն է։ Նոթագրությունը՝
Խորքային ընթերցանություն
Գրականությամբ զբաղվողներից շատերն են տարբեր ձևակերպումներով նույն միտքն արտահայտել, որ ավելի լավ է մեկ գիրք կարդալ, բայց խորությամբ, քան շատ գրքեր, բայց մակերեսորեն։ Այս իմաստով միջին դպրոցում անչափ կարևոր է վերլուծական ընթերցանության խթանումը․ սովորեցնել տեքստը ոչ թե պարզապես կարդալ, այլ հասկանալ, մեկնաբանել, կապել, եզրահանգումներ անել և փաստարկել։ Ռուս գրող Վլադիմիր Նաբոկովն այն կարծիքին էր, որ ցանկացած տեքստ խորությամբ ընկալելու համար պետք է կարդալ առնվազն երեք անգամ։ Ստորև մի քանի հնարներ տեքստի խորքային ընթերցանությունը խթանելու համար․
Եզրահանգում
Գաղափարներ ունենալը հեշտ է․ դժվարը դրանք իրականացնելն է։ Ամենաստեղծարար գաղափարները նույնիսկ կարող են տապալվել ոչ թե թերի կամ անիրատեսական լինելու պատճառով, այլ շտապողականության արդյունքում, երբ չկա ամենակարևորը՝ քայլ առ քայլ իրականացնելու համբերությունն ու ողջամտությունը։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր













































