Արցախի «Մունք» տեխնոդպրոցի առաջին տեխնոառաքյալը՝ Աննա Մուսայելյանը, անգամ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ամեն օր մի նոր բան է սովորում: Ասում է՝ որովհետև կարևորում է կրթության դերը մարդու բազմակողմանի զարգացածության և կյանքի բարելավման հարցում։
«Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել ընտանիքում, երկրում, ապա պետք է կրթվել։ Կրթական ոլորտը ամեն ինչի սկիզբն է»,- ասում է Աննան: Նա «Ես» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարն ու ծրագրավորման բաժնի ղեկավարն է:
Աննան Հայաստանում է Արցախի բռնի տեղահանումից հետո:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ՏՏ բաժինն ավարտելուց հետո որպես խմբակավար է աշխատել Մարտունու «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Աշխատանքին զուգահեռ Ստեփանակերտի ՏՏ կենտրոնում մասնակցել է տարբեր դասընթացների։ «Ես» կրթական հիմնադրամին միացել է 2019 թ., միաժամանակ զբաղվել է կամավորական աշխատանքով։
Արցախից բռնի տեղահանումը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ:
Մի ընտանիք
Հայաստան տեղափոխվելուց հետո շատ բարդ է եղել նոր իրականությունն ընդունելը, հարմարվելը: Թիմն ընտանիքի նման ամուր է պահել բոլորին. «Թիմին օգնալ ա հենց թիմը։ Մունք հոգեբանորեն պատրաստ չընք իլալ, սաղս հասկացալ ընք՝ հինչ ըքն կուրցրալ… Բայց մի քանի հետ իրար հանդիպելից հետո հասկացալ ընք, վեր պետք ա շարունակինք։ Անձամբ ինձ էդ ծանր իրավիճակում օգնալ ա թիմը… Մունք մի ընտանիք ընք տեռալ»:
Տաշիրում նոր կյանք սկսելու հիմնական պատճառներից մեկը եղել է համայնքում ՏՏ կենտրոնի բացակայությունը։ «Մեզ միշտ մոտիվացրալ ա խոխորցը փայլող աչքերը, ու վեր ուրանք մեր մեջ տեսնելիս ըն իլալ հույսը: Ու մունք հասկացալ ընք՝ հինչքանավ ընք մունք պետք ուրանց՝ էդ համայնքին»։
Մերժում
Աննայի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մերժել երիտասարդների ստեղծած հիմնադրամին՝ դրամաշնորհ տալու հարցում: Արցախում ԿԳՄՍ նախարարությունը ի սկզբանե աջակցել է «Ես» կրթական հիմնադրամի գործունեությանը։ Սակայն երբ հավաքել են թիմի բոլոր ուժերն ու արդեն տեղահանումից հետո դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, անսպասելիորեն ստացել են մերժում: Այնուհանդերձ, ոչ մի մերժում չի փոխել իրենց նպատակները։ Աննան նշում է, որ բազմաթիվ անհատների, տարբեր դրամաշնորհների, ինչպես նաև իրենց նվիրված աշխատանքի շնորհիվ են կարողացել որակյալ կրթություն ապահովել Տաշիրում, հարակից գյուղերում, այժմ նաև Սյունիքում։ «Ինչ որ բան փոխելու համար մեր ամենամեծ ռեսուրսը գիտելիքն է»։
Կռո ճղուպուր
Աննան պատմում է, որ հարազատ ժողովրդի ու երկրի համար ամեն ինչ անելու որոշումը կայացրել է դեռ Արցախում՝ «Մունք»-ի թիմով Կաչաղակաբերդի բարձունքը հաղթահարելու ժամանակ: Ասում է՝ նյութական ամեն ինչ կարելի է նորից ստեղծել, գնել, բայց մեծ ցավ է, որ բազմաթիվ զոհված ազատամարտիկների աճյունները ՀՀ տեղափոխել չի ստացվել։ Իր ամուսնու զոհված եղբոր գերեզմանին այցելելու հնարավորությունից զրկված լինելը իրենց ընտանիքի համար մեծ ողբերգություն է։
Աննան իրենց հարազատ Մուշկապատ գյուղի տնից վերցրել է միայն իր նորածին տարիքի շորերը, որ հետագայում հագցնի առաջնեկին: Այդ հագուստը խնամքով պահել էր Աննայի մայրը. «Ես միշտ օզալ ըմ, վեր իմ խոխաս քայլե իմ անցած ճանապարհավս, իմ ոտնահետքերավս ման կյա, իմ ծննդավայրումս մծանա… բայց էդ հնարավորությունից էլ ընք զրկվալ»։ Բայց անգամ այս իրողությունները չեն կարողացել կոտրել Աննայի հաստատակամությունը։ Նա իր ամրությունը բացատրում է արցախցիների ներքին ուժով:
«Արցախցին որպես տեսակ կոտրվող չի, կռո ճղուպուր ա, ու տա յա մեզ պահում»:
Հայրենի բնություն
Հիմա, երբ Արցախը դեռ անհասանելի է, Աննան մեծ ափսոսանք է ապրում, որ ժամանակին աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողացել այցելել Արցախի մի շարք տեսարժան վայրեր։ Բայց փորձում է Արցախի բնաշխարհի կարոտն առնել Վանաձորի բնությունից: Վանաձորում Աննայի ամենանախընտրելի վայրերից մեկը «Արցախ» անունը կրող պուրակն է։
«Դբա լավը»
Արցախի ու Վանաձորի բարբառային տարբերությունները ոչ միայն չեն խանգարում Աննային ու վանաձորցի ըներներին, այլև խթանում են միմյանցից սովորելու փորձը։ Որոշ դեպքերում օգնության է հասնում գրական հայերենը: Աննայի ամենասիրած բարբառային արտահայտութունն է՝ «դբա լավը». «Կարևոր ա, վեր մարդ հվատում ա, վեր կարե ամեն հինչ տանե դեպի լավը»։
Աննան տպավորված է լոռեցիների պարզությամբ ու ազնվությամբ: Բայց շատ է զարմանում, որ Վանաձորում հանրային կարևորության բազմաթիվ խնդիրներ կան: Օրինակ՝ հանրային տրանսպորտի, աղբահանության, թափառող շների հետ կապված։ Մտածում է՝ որտեղից այդքան հարմարվողականություն, ինչու քայլեր չեն ձեռնարկվում խնդիրների մասին բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար։ Վստահ է, որ իրենց թիմի օրինակով կարելի է ցանկացած չլուծվող խնդիր լուծել, եթե միայն լինի ցանկություն և նպատակասլացություն։
Երազանքի փոխարեն՝ նպատակ
«Արցախ վերադարձի երազանքը պետք է դարձնել նպատակ։ Իսկ դրան հասնելու համար պետք է ուժեղացնել Հայաստանը, թե՛ սահմանային, թե՛ տնտեսական և թե՛ կրթական առումով։ Մեր սերունդները պետք է հայրենատեր լինեն։ Ամեն ինչի հիմքը գիտելիքն է»,- ասում է Աննան ու ընդգծում՝ սերունդներին չժառանգել պարտվողականություն, այլ պայքարել, օգտագործել կրթական ողջ ռեսուրսները երկիրը հզորացնելու համար։
«Մունք»-ի վարակիչ ուժը
Աննայի ու «Ես»-ի արցախցի ներկայացուցիչների օրինակը Տաշիրում ոգեշնչել է Անահիտ Չոբանյանին: Նա Երևանում ուսումն ավարտելուց հետո միացել է «Ես» կրթական հիմնադրամին ու հիմա «Մունք» տեխնոդպրոցում է. խմբակավար է:
Անահիտը առողջապահության կառավարման մասնագետ է: Հանրային կառավարման ոլորտում ստացած գիտելիքներով չի բավարարվել ու տարվել է նաև ՏՏ ոլորտով: Երևանում աշխատանքային հեռանկարային առաջարկություններից բարձր է դասել հայրենի Տաշիրում գիտելիքներն ի նպաստ համայնքի զարգացմանը ծառայեցնելը։
Անահիտը «Մունք» տեխնոդպրոցի առաջին տեխնոառաքյալն է, որ արցախցի չէ: Թիմին միացել է Հայաստանում: Տեխնոդպրոցի մասին տեղեկացել է «Ռե Արմենիա» հարթակում որպես կամավորական աշխատելու ընթացքում, բայց չի պատկերացրել, որ մի օր կդառնա թիմի անդամ։ Տեղեկանալով, որ «Մունք»-ը վերսկսել է գործունեությունը Տաշիրում՝ Անահիտը նախ որոշել է որպես կամավոր դիմել, բայց «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի հետ հանդիպելուց հետո որոշվել է վերապատրաստումներից հետո միանալ թիմին։
Անահիտը առանձնահատուկ ջերմությամբ է նշում, որ թեպետ արցախցի չէ, միջավայրն այնքան հոգեհարազատ է, որ ինքը դարձել է «Մունք»-ի ընտանիքի լիարժեք անդամ։ «Ես արդեն սկսել եմ Արցախի բարբառով խոսել, արդեն լրիվ հասկանում եմ, այնպիսի տպավորություն է, որ ես տարիներով ապրել եմ Արցախում, կամ տարիներով ճանաչել եմ նրանց»։
Անահիտը հպարտությամբ է պատմում «Մունք»-ի ընդլայնման մասին: Արդեն Սյունիքում (Կապանում, Դավիթ Բեկում, Եղվարդում) սկսվել են դասերը: 46 աշակերտ ունեն, ընդունելությունը շարունակվում է։ «Մունք»-ը նախատեսում է գրասենյակներ բացել բոլոր համայնքներում: Առայժմ գյուղերում կրթությունն իրականացնում են շարժական լաբորատորիաների միջոցով, որը կրկնակի բարդացնում է աշխատանքը։ Բայց թիմը միահամուռ ուժերով փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները:
Անահիտը ընդգծում է, որ Տաշիրում արցախցիներին շատ ջերմ են ընդունել, բոլոր հնարավոր օղակներում փորձել են տեղավորել աշխատանքի, բայց նրանց աչքերում տեսնում է ցավ ու կարոտ. «Արցախ՝ իրենց տներ վերադառնալու մեծ ցանկություն»։
Ալյոնա Սարգսյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Նոր մեկնաբանություն