Լուսանկարները՝ Հակոբջանյանների ընտանեկան արխիվից
Արցախից բռնի տեղահանվելուց ութ ամիս անց Հակոբջանյանների ութ հոգանոց ընտանիքը չի կարողանում ոչ միայն մշտական բնակության վայր գտնել, այլև ամբողջությամբ ստանալ սոցիալական վճարներն ու հաշմանդամություն ունեցող հոր՝ Սասուն Հակոբջանյանի կենսաթոշակը։
www.mediaforedu.am-ն անցած ամիս անդրադարձել էր այս ընտանիքի խնդիրներին։ Տեղահանվելուց հետո բնակության չորս վայր են փոխել, հիմա ապրում են Մասիս քաղաքում։ Սասուն Հակոբջանյանը 3 վիրահատություն է տարել, վերջինն արել են հունիսի 27-ին․ վիրահատել են ոտքի նյարդը։ Ոտքից հեռացրել են բազմաթիվ բեկորներ և մի գոյացություն։ Հիմա նա տեղաշարժվում է քայլակների օգնությամբ։
Կինը՝ Սուսաննա Հակոբջանյանը, տեղեկացրեց, որ դեռ չեն ստացել ամուսնու՝ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար Հայաստանի կառավարության հատկացրած 50 հազարական միանվագ աջակցությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.mediaforedu.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էր դա։ Նույն ամիսներին չեն ստացել նաև ընտանիքի 5 անդամների հասանելիք 40․000+10․000 դրամ աջակցությունը՝ 250 հազար դրամ։ Ինքը և 5 երեխաները չեն ստացել նաև ապրիլի աջակցությունը՝ 300 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով՝ ընտանիքը չի ստացել 650 հազար դրամ, մինչդեռ այդ գումարը նրանց շատ է անհրաժեշտ։ «Սասունը չի կարող աշխատել։ Վիրահատությունից հետո 60 հազար դրամի միայն դեղեր եմ առել։ Տան վարձը 120 հազար դրամ է, սկեսուրս է իր թոշակը տվել, դրել ենք եղած փողի վրա ու տան վարձ տվել, որ չուշացնենք»,- իրավիճակը ներկայացնում է Սուսաննան։
Նախարարությունից անցած ամիս գրավոր պատասխանել էին, թե «վճարումների հետ կապված ուշացումները պայմանավորված են իրականացվող ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանների՝ տարբեր գերատեսչությունների տվյալների հետ կատարվող համադրման աշխատանքներով, որոնք պայմանավորված են Կառավարության որոշումների փոփոխություններով»:
Քաշքշուկ
Արդեն երեք ամիս է, ինչ Սասուն Հակոբջանյանը չի ստացել նաև իր հաշմանդամության 73 հազար դրամ թոշակը։ Սասունը ոչ միայն ոտքի և տեղաշարժվելու խնդիր ունի, այլև պատերազմի ժամանակ կորցրել է լսողությունը, ունի նաև ստամոքսի խոց։ Արցախում նա ուներ 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ և ստանում էր հաշմանդամության 97 հազար դրամ թոշակ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից www.mediaforedu.am-ին նաև փոխանցեցին, որ Արցախից ստացած այդ կարգավիճակը Հայաստանում մեխանիկորեն չի ճանաչվում, այստեղ նրա ֆունկցիոնալությունը պետք է նորից գնահատվի։ 1 ամիս հետո նոր կպատասխանեն՝ նրան հաշմանդամության կարգ հասնո՞ւմ է, թե՞ ոչ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մասիսի տարածքային բաժինը ֆունկցիոնալության գնահատման համար Սասունին հրավիրել էր այն նույն օրը, որ օրը նշանակված էր նրա վիրահատությունը։ «Պարզ է, որ չէինք կարողանա գնալ։ Այսօր գնացել եմ սոցապի կենտրոն, ասում են, հաջորդ նիստը շուտով կլինի, բայց մասնակիցների ցուցակում Սասունի անունն արդեն չկա։ Ասել եմ՝ գրեք ձեզ մոտ, որ գոնե հաջորդ անգամ կանչեք։ Անկեղծ եմ ասում, ես արդեն հոգնել եմ այս քաշքշուկից»,- ասում է Սուսաննան։
www.mediaforedu.am-ը փորձեց նորից պարզաբանում ստանալ նախարարությունից, թե ի վերջո երբ կփոխանցվի Հակոբջանյանների՝ դեռևս չվճարված գումարը, կամ Սասունին երբ կհրավիրեն փորձաքննության։ Այս անգամ, մեր հեռախոսազանգին ի պատասխան, նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե պետք է նորից դիմեն նախարարության տարածքային կենտրոն, որ տվյալները թարմացվեն։ «Ես պարբերաբար դիմել եմ, ասել եմ, որ էս-էս գումարները չենք ստացել։ Թղթերը նայում, ասում են՝ կպարզենք, կստանաք։ Դեռ պարզում են։ Այսօր էլ գնացել էի ամուսնուս թոշակի հարցով, էդ բաժինն էլ մտա, մարդ չկար, որ նորից հարցնեի»,- ասում է Սուսաննան։
Նախարարության լրատվական ծառայությունից փորձեցինք պարզել՝ եթե վերահաստատվի, որ Սասունը պիտի ստանա հաշմանդամության թոշակ, 3 բաց թողած ամիսների կենսաթոշակը կվճարվի՞։ Ուղորդեցին Անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն, որտեղից էլ ասացին, որ մեր հարցին կարող է պատասխանել իրենց ղեկավար Ռիմա Եգանյանը։ Վերջինս, սակայն, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ www.mediaforedu.am-ը կրկին գրավոր հարցում է հասցեագրել նախարարություն, պատասխանը կհրապարակվի ստանալուն պես:
Ո՞ւր գնան
Տեղահանվելուց ութ ամիս անց՝ 4 բնակավայր փոխելուց հետո, Հակոբջանյանների ընտանիքն այսօր էլ կանգնած է նոր տուն գտնելու խնդրի առջև։ Ընդամենը երկու ամիս առաջ էին Մարմարաշեն գյուղից տեղափոխվել Մասիսի այդ տունը, նոր էին հարմարվել, հիմա էլ պարզվում է՝ այն վաճառքի է հանվել։ Եթե վաճառվի, նրանք պետք է նոր տուն գտնեն և նորից տեղափոխվեն։ «Երեխեքը նոր էին հարմարվել, ընկեր գտել, խաղում էին հարևանի երեխաների հետ։ Հիմա որտեղից էլի տուն գտնեմ։ Հոգնել եմ, էլ չեմ կարող»,- հուզվում է Սուսաննան։
Կրթությունը՝ խնդիրների արանքում
Բազմանդամ ընտանիքի մայրը, մշտապես զբաղված լինելով վերոնշյալ խնդիրներով՝ ստիպված է լինում երբեմն հետաձգել երեխաների առողջությանը և կրթական կարիքներին վերաբերող խնդիրների լուծումը։
Վեց երեխաներից երեքը դպրոց են գնացել, չորրորդն այս տարի պետք է առաջին դասարան ընդունվի, ամենափոքրը 1 տարեկան է։ Դեռ չեն ընտրել դպրոցը։ Չեն էլ կողմնորոշվում՝ որ դպրոցին դիմեն, քանի որ չգիտեն, թե որտեղ է լինելու իրենց հաջորդ տունը, կամ կդառնա՞ արդյոք այն երկարաժամկետ կացարան։
Այս պատմությանը հետևող կրթության փորձագետ, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը նկատում է. «Ստացվում է, որ համապատասխան պաշտոնական մարմինների անպատասխանատու գործելաոճի պատճառով տուժում է նաև երեխաների կրթության իրավունքը․ եթե ընտանիքին հասանելիք վճարումները ժամանակին տրվեն, ոչ թե արհեստական խոչընդոտներ ստեղծվեն, ծնողները հնարավորություն կունենան զբաղվելու երեխաների կրթական և առողջական խնդիրների կարգավորմամբ»։
Հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը, հետևելով տեղահանվածների ընտանիքների մանկահասակ երեխաների պայմանների հաճախակի փոփոխությանը, ուշադրություն է հրավիրում. «Եթե նախադպրոցական տարիքի երեխայի համար առաջատար գործունեությունը խաղն է, և այն ապահովելու դեպքում բավարարվում է երեխայի մի շատ կարևոր պահանջմունք, ապա դպրոցահասակ երեխայի համար աստիճանաբար առաջնային է դառնում ուսումը, որը հիմնականում և մասսայաբար իրականացվում է դպրոցում։ Այստեղ երեխան ստանում է համակարգված գիտելիք` մշակված մանկավարժական մեթոդներով։ Դպրոցը հաճախակի փոխելու արդյունքում երեխան կարող է կորցնել կայունության և ապահովության զգացումը, ամեն անգամ ունենալ ամեն ինչ նորից սկսելու զգացողություն։ Խաթարվում է կյանքի ռիթմը, քանի որ յուրաքանչյուր նոր միջավայրում ինտեգրվելու համար առնվազն ժամանակային, սոցիալ-հոգեբանական ռեսուրս է անհրաժեշտ։ Այս ամենին զուգահեռ, երեխան պետք է շարունակի գիտելիք յուրացնել նոր միջավայրում և, գուցե, նոր մեթոդներով ու մոտեցումներով փոխանցվող գիտելիքի մասին է խոսքը։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև ընկերային կապերը»։
Սակայն, պետական կառավարման խնդիրների պատճառով անտեսված են մնում երեխաների կրթության որակն ու նրանց ինտեգրման համար անհրաժեշտ անելիքները:
Արմինե Ավետյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Նոր մեկնաբանություն