Լուսանկարը՝ Հակոբ Բաբայանի անձնական արխիվից
2023 թվականին Արցախից բռնի տեղահանված, արտերկրում բուհական կրթությունը շարունակելու որոշում, մտադրություն, կարիք կամ ցանկություն ունեցող մարդիկ երբեմն դուրս են մնում ՀՀ կառավարության ուշադրությունից:
Օրերս պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերում սովորողներին։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Տեղահանվածներին ու հատուկ կարիք ունեցողներին այս նախագծով արտոնություններ տրամադրելու մասին հատուկ ձևակերպումներ չկան: Այսինքն՝ լրացուցիչ խթան, որ մարդիկ ոչ թե սպասեն աջակցության, այլ կրթության շնորհիվ ապահովեն և՛ իրենց, և՛ իրենց հետ կապ ունեցող ոլորտի զարգացումը, չկա:
www.mediaforedu.am կայքի վերջին հրապարակումներից մեկն ընդամենը մի օրինակ է, որ տեղահանվելուց հետո Հայաստանում ապրող մարդն ունի տվյալ դեպքում Մյունխենի կոնսերվատորիայում ուսումը շարունակելու նպատակ:
Հակոբ Բաբայանը տեսողության խնդիր ունի. 1995թ. Արցախում ռումբի պայթունից կորցրել է տեսողությունը: Ճիշտ է, բուժվելու համար տեղափոխվել է Երևան, բայց հայրենիքից չի կտրվել, պարբերաբար վերադարձել է։ Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների շվիի բաժինն ավարտելուց հետո վերադարձել և աշխատել է Ասկերանի «Բերդ» համույթում որպես մենակատար։ Զբաղվել է նաև Արցախի մշակույթի տարածմամբ, ցանկացել է, որ ամբողջ աշխարհում լսելի լինի հայկական մշակույթը։
Հիմա Հակոբը Հայաստանում ստանում է 40.000+10.000 ամսական հատկացումը, բացի այդ, որպես առաջին կարգի հաշմանդամ՝ ևս 39.000 դրամ, որը չի բավականացնում անգամ նրա՝ տաքսիներով երթևեկելուն: Իսկ տեսողության խնդիր ունեցող երաժիշտի համար դա անհրաժեշություն է:
Ի՞նչն է խանգարում, որ ՀՀ կառավարությունը որոշումներ կայացնելիս հնարավորինս լայնախոհ լինի ու հաշվի առնի տեղահանված, հատուկ կարիք ունեցող մարդկանց հանգամանքը ևս:
Հնարավորությունները
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին սոցիալական, առողջապահական կամ կրթական ավելի լավ հնարավորություններ առաջարկել, քան առաջարկում են ՀՀ քաղաքացիներին:
Արտակ Բեգլարյանը, որ նույնպես տեսողության խնդիր ունի, ասում է՝ ՀՀ կառավարությունը արցախցիների համար կարողությունների, կրթության զարգացման, բնակարանային խնդիրների ապահովման որոշ ծրագրեր իրականացնում է։ Ողջունում է, որ առաջնահերթությունը տրվում է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նրանք սոցիալական կամ շարժունակության ավելի լուրջ խնդիրներ ունեն։
«Մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ չի կարող ավելինն անել, քան անում է ՀՀ քաղաքացիների համար։ Ես էլ ունեմ այդ խնդիրը, բայց ես կարող եմ աշխատել և ինքս լուծել այդ հարցը։ Բայց կցանկանայի, որ հնարավորինս ավելի ուշադիր լինեն, քանի որ տեղահանման հանգամանքն ավելի է խտացնում խնդիրը։ Իսկ միջազգային չափանիշները հուշում են, որ տեղահանվածների և հատուկ կարիք ունեցողների նկատմամբ հատուկ ուշադրություն է պետք»,- հավելում է Արտակ Բեգլարյանը։
Կրթությունը շարունակելու կամ նոր կրթություն ստանալու, վերապատրաստվելու համար Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին ծրագրեր առաջարկում են ոչ միայն պետությունը, այլև հասարակական կազմակերպությունները։
Արցախցիները՝ ծրագրերում
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» կրթական, վերապատրաստման, կարողությունների և մրցունակության բարձրացման, փորձի փոխանակման տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցում Արցախից տեղահանված երիտասարդների ներգրավումը առաջնահերթություն է համարվում։ Դրանք իրականացվում են նաև բոլորին հայտնի «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորությունների շրջանակներում։
Կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է՝ Գյումրիում, Սպիտակում, Արմավիրում և այլուր ունեն կենտրոններ, իրենց ծրագրերում միշտ կարևորել են մարզերի երիտասարդների ներգրավվածությունը։ Վերջին ամիսներին նրանց ավելացել են Արցախից բռնի տեղահանված երիտասարդները։
«Բոլոր այդ կենտրոններում արցախցիներն այցելում և օգտվում են առօրյա ծառայություններից, երիտասարդական համայնքային ծրագրերից։ Մենք հիմնականում միջազգային կարճաժամկետ, կրթական, վերապատրաստման, աշխատանքային փորձի փոխանակման ծրագրեր ենք իրականացնում եվրոպական երկրներում»,- mediaforedu.am-ի հետ զրույցում ասում է Նաջարյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավարի խոսքով՝ այս պահին Հակոբ Բաբայանի կրթական ցանկությունները բավարարող կոնկրետ ծրագիր չունեն, բայց կան շատ այլ հնարավորություններ՝ հատկապես դեռահասների և երիտասարդների համար։ Ավելի շատ իրականացնում են աշխատաշուկայում մարդկանց մրցունակության բարձրացմանը և քաղաքացիական ակտիվությանն ուղղված ծրագրեր։ «Օրինակ՝ «Երիտասարդները գործելիս» ծրագրով հայտարարել ենք ֆելոուշիփեր և ինտերշիփեր, շեշտը դրված է արցախցիների վրա, որոնք հնարավորություն կստանան շուրջ 6 մարզերի 40 գործատուների մոտ 3 ամիս Եվրամիության ֆինանսավորմամբ վճարովի պրակտիկա անցնել։ Հույս ունեմ՝ հետո կանցնեն աշխատանքի»,- հավելում է Նաջարյանը։
Ըստ Արթուր Նաջարյանի՝ որքան էլ զարմանալի է, արցախցի երիտասարդները շատ չեն հետաքրքրված այդ ծրագրերով։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որը հիմնականում միջազգային կարճաժամկետ կրթական, վերապատրաստման, աշխատանքային փորձի փոխանակման ծրագրեր է իրականացնում եվրոպական երկրներում, արցախցիներից շատ դիմումներ չի ստանում, թեև տեղահանումից հետո առաջնահերթությունը նրանց է տալիս։ Իսկ եթե պատահականորեն հայտնաբերում են, որ ծրագրերում արցախցիներ կան, պարզվում է, որ նրանք իրենց ծագման իրողությունը չեն ընդգծել։ Կենտրոնում չգիտեն, թե որն է պատճառը, որ նրանք չեն նշում իրենց արցախցի լինելու մասին։ Այդ պատճառով էլ չունեն տվյալ, թե տարվա կտրվածքով կենտրոնի ծրագրերից օգտվող շուրջ 600 երիտասարդներից քանիսն են արցախցի։
Ի տարբերություն բուհերում սովորելու հարցում իրենց դիմելու ակտիվության ցածր ցուցանիշներին՝ ակտիվ են արցախցի դեռահասները: Հետաքրքրված են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» տեղական ու միջազգային ծրագրերով։ «Օրինակ՝ կենտրոնները, որտեղ 12-14 տարեկան դեռահասներն են այցելում, մենք ունենք արցախցի երեխաններ, որոնք շեշտում են, թե որտեղից են։ Եվ շատ հաճախ նրանք երեկոներ, մշակութային հանդիպումներ են կազմակերպում։ Նրանք ներկայացնում են իրենց մշակույթը»,- եզրափակում է Նաջարյանը։
Արմինե Ավետյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Նոր մեկնաբանություն