Խորհրդակցական մարմինների (մանկավարժական խորհուրդ, մեթոդմիավորումներ) նպատակն է նաև ուսումնական հաստատություններում ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն։ Արմենպրեսի մամուլի սրահում հայտարարել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
«Խորհրդակցական մարմինների աշխատանքի նկատմամբ ուշադրությունը շատ կարևորում ենք նրանով, որ դա ուղիղ կապված է նաև այն մանկավարժներին օժանդակելու հետ, որոնք առավել ծանրաբեռնված են աշխատում և շատ խնդիրներ ունեն, որովհետև մանկավարժը իր գործունեության մեջ չպետք է խնդիրների հանդիման մնա միայնակ, և խորհրդակցական մարմինների նպատակը պետք է լինի ոչ թե դեկլարատիվ ձևով որևէ հարց քվեարկելը կամ միայն տնօրենի պահանջը կատարելը, այլ ընդհակառակը․ ավելի հաշվետվողական, թափանցիկ աշխատանք պահանջելը տնօրենից, ինչպես նաև քննարկել այն հարցերը, որոնք իրոք մանկավարժական աշխատողների կարիքներից են բխում։ Եվ հետևաբար մենք վերահսկելու ենք, որ խորհրդակցական մարմինները հենց այդպես աշխատեն»։
Ստուգումների հետևողականության անհրաժեշտության հիմքը 2023-ին հայտնաբերված խախտումներն են․ «Տարաբնույթ խախտումներ են արձանագրվել․ օրինակ՝ դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը չի կազմկերպել մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ կամ ՆԶՊ ուսուցիչը սովորողներին մասակից չի դարձրել հրաձգության, ռազմակիրառական պաշտպանության հմայնքային, մարզային և հանրապետական միջոցառումներին։ Կամ դպրոցի տնօրենը ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում չի հաստատել մանկավարժական աշխատողների աշխատանքային պլանը, ուսումնական պլանին համապատասխան չի ապահովել կրթական ծրագրերի իրականացումը, համադպրոցական ծնողական ժողովների արձանագրությունները նշված ժամկետում չեն հրապարակվել»,- ամփոփել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարը։
Նոր մեկնաբանություն