
Լուսանկարը՝ classmathematics.com կայքից
Ավստրալիայում բարձրագույն մաթեմատիկա սովորողների թիվը նվազել է՝ հասնելով ընդամենը ավագ դպրոցի աշակերտների 8.4 տոկոսի։ Գիտությունների ակադեմիայի նոր զեկույցը փաստում է, որ դեռահասների զգալի մասը հրաժարվում է մաթեմատիկայից։ Հետազոտողները պարզել են, որ այս հանգամանքն արդեն տասնամյակներ շարունակ բացասաբար է ազդում երկրի գիտական և տեխնոլոգիական ապագայի վրա։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ մաթեմատիկական գիտելիքները պահանջված են տվյալագիտության, արհեստական ինտելեկտի, կենսատեխնոլոգիայի, կլիմայի ուսումնասիրությունների և այլ ոլորտներում։ Սակայն դպրոցականների շրջանում առարկան հաճախ ընկալվում է որպես դժվար և ոչ գրավիչ։ Աշակերտների մոկ երրորդը նախընտրում է չսովորել, իսկ դա նվազեցնում է մասնագիտական պատրաստվածության մակարդակը։
Փորձագետների գնահատմամբ՝ խնդիրը պայմանավորված է ոչ միայն դասընթացների բարդությամբ։ Շատերը չեն տեսնում մաթեմատիկայի կիրառելիությունը ապագա մասնագիտության մեջ, իսկ մյուսները կորցնում են վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ մաթեմատիկան պետք է ներկայացվի որպես անհրաժեշտ և հետաքրքիր ընտրություն, այլ ոչ թե պարտադրանք։
Գիտությունների ակադեմիան կրթական համակարգին և քաղաքականություն մշակողներին կոչ է անում փոխել մոտեցումը՝ մաթեմատիկան դարձնելով առավել գրավիչ և հասանելի դպրոցականների համար։ Ըստ փորձագետների՝ սա կարևոր է ոչ միայն աշակերտների կարիերայի հեռանկարների, այլև երկրի գիտատեխնոլոգիական զարգացման համար։

























































