
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Կրթության մասին պատկերացումները կարող են տարբեր լինել, բայց անհերքելի է, որ մտածողությունը՝ երևույթները քննելու, շաղկապելու, եզրահանգումներ անելու ունակությունը կրթության հենքն է։
Մտածողություն․ երեք փուլ
Մտածողությունն ուղեկցվում է երեք պարտադիր փուլերով՝
Այս երեք պարտադիր բաղադրիչները պետք է առկա լինեն, որպեսզի ձևավորվի և զարգանա մտածողությունը։ Որքան բազմազան ու հետաքրքիր լինեն ազդակները, այնքան հարուստ կլինեն ընկալումները, որոնց կհաջորդեն հիմնավոր ու ստեղծագործ հետևություններ։
Կրթության համար անհրաժեշտ այս երեք բաղադրիչները թեպետ միաժամանակ են գործում, բայց նրանցից յուրաքանչյուրը գերակշռում է դպրոցական տարիքային որոշակի փուլում․
Ուստի տարրական օղակում չպետք է պահանջել հետևություններ անել, բոլորովին կարիք չկա, օրինակ, ամեն մի ազդակի վերաբերյալ կարծիք հարցնելու։ Ընդհանրապես պետք է խուսափել այդ տարիքի երեխաներին «քո կարծիքով» արտահայտությամբ կաղապարելուց․ նա դեռ ունակ չէ հետևություններ անելու, կարող է խոսել իր ընկալումներից՝ առանց դրանք կարծիք անվանելու, իսկ ընդհանրապես գերադասելի է, որ լինեն առողջ ազդակներ, որ աշակերտը ուղղակի կլանված լսի կամ նայի, կամ ստեղծագործի։ Այդ փուլում և այդպիսով մենք նրան առատ սնունդ կտանք, կհարստացնենք նրա ընկալումները։ Այդ տարիքի ամենաառողջ ազդակը հեքիաթն է, որը պետք է լսի ամեն օր։ Հզոր ազդակներ են նաև երաժշտությունը, թատրոնը, այլ արվեստներ, ինպես նաև արհեստները։
Դպրոց ընդունվող երեխան դեռ աշխարհը միայն զգայարաններով ճանաչելու, բացահայտելու ակտիվ փուլում է․ երբ մենք նրան ստիպում ենք առանց զգայարանները գործի դնելու գրել պայմանական նշաններ (տառեր, թվեր), հետո կարդալ այդ նշաններով գրված տեքստեր և դրանցով միայն բացահայտել աշխարհը, մենք զրկում ենք նրան կամային գործունեությունից, աղքատացնում ենք հուզական աշխարհը՝ նրան ներփակելով միայն մտածողության դեռևս թույլ դաշտում՝ փաստացի դարձնելով գլխային մարդ։
Այնուհետև 12 տարի շարունակ կրթություն ենք իրականացնում բացառապես տեքստային մակարդակում և գնահատում մեկ միասնական պահանջի կտրվածքով՝ երբեք հաշվի չառնելով երեխաների տարբերություններն ու առանձնահատկությունները։ Արդյունքում խաթարվում է մտածողության բնականոն ընթացքը, և ունենում ենք այն, ինչ ունենք՝ հետաքրքրությունները դպրոցից դուրս բավարարող երեխաներ, միայն գնահատականի համար սովորողներ (որովհետև ինչ-որ պահից սկսած՝ բնականոն ընթացքի խաթարումը վերապրող երեխան սկսում է ենթագիտակցաբար «արդարացնել» դպրոց գնալը միայն գնահատական ստանալու և ապագայում այդ գնահատականների շնորհիվ մասնագիտություն ձեռք բերելու պարտադիր պահանջով)։
Քչերին է հաջողվում հիշողության շնորհիվ մտապահել տեղեկությունների կույտը և մերթընդմերթ դուրս գալով փակ շրջանից՝ ունենալ մտքի փայլատակումներ։
Չվերանայելով այս համակարգային խորքային խնդիրը, հիմնովին փոփոխության չենթարկելով դասավանդման թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական, կազմակերպական ավանդական կաղապարները՝ սկսել վերջից, այսինքն՝ սովորողից պահանջել գրել էսսե՝ կատարելով խոհափիլիսոփայական ընդհանրացումներ, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել։
Ոչ միայն և ոչ այնքան դասագրքերը պիտի խթանեն կամ զարգացնեն մտածողությունը հիմնական դպրոցում, այլև ուսուցչի հետաքրքիր, տպավորիչ խոսքը, սովորողի փորձը, ինքնուրույն բացահայտումները, մի խոսքով՝ ստեղծարարությունը խթանող միջավայրը, որտեղ ինքնաբերաբար վերանում է կրթությունը չափելու, միավորով գնահատելու անրաժեշտությունը։
Միայն այդ միջավայրում կամային և հուզական փուլերի հարուստ փորձով սովորողը կարող է պատրաստ լինել դատելու, քննելու, մտահանգումներ, ընդհանրացումներ անելու։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր













































