
Լուսանկարը՝ ELLE կայքից
Ինչպե՞ս է դպրոցը պատրաստում գիտակից քաղաքացի։ Արդյո՞ք բավական է արժեքների մասին միայն խոսել, թե՞ պետք է ստեղծել միջավայր, որտեղ այդ արժեքները վերածվում են կենսական փորձի։
Ֆրանսիական կրթական համակարգում քաղաքացի դառնալու ճանապարհը սկսվում է բանավեճից․ եթե ուզում ես պատրաստել հասարակության ակտիվ ներկայացուցիչ, պետք է նախ սովորեցնես խոսել, լսել և հարգել հակադիր կարծիքները։ Այդ պատճառով բանավեճը դարձել է ֆրանսիական դպրոցների քաղաքացիական կրթության առանցքային գործիքներից մեկը։
Ֆրանսիայում բանավեճը ներկայանում է որպես կրթական մեթոդ, որը զարգացնում է աշակերտի մտածողությունը, հանրային խոսքը, սոցիալական գիտակցությունն ու հանդուրժողականությունը։
Քաղաքացիական կրթության դերը
Քաղաքացիական կրթությունը՝ Ֆրանսիայի պետական կրթական ծրագրի հիմնասյուներից է։ Այն պարտադիր է բոլոր մակարդակներում՝ տարրականից մինչև ավագ դպրոց և նպատակ ունի ձևավորել ոչ միայն կարգապահ, այլ նաև գիտակից ու ներգրավված քաղաքացի։ Ծրագիրը միավորում է բարոյական, քաղաքական և հանրային ոլորտները՝ խթանելով հանրապետական արժեքների ընկալումն ու անձնական դիրքորոշման ձևավորումը։
EMC-ի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, սեկուլյարիզմը, հանդուրժողականությունը, խոսքի ազատությունը և սոցիալական պատասխանատվությունը։ Սակայն այս գաղափարները փոխանցվում են ոչ թե զուտ տեսական դասախոսությունների միջոցով, այլ բանավեճի, փաստարկման և դիրքորոշման վերլուծության միջոցով։
Ֆրանսիայի կրթության նախարարության պաշտոնական փաստաթղթերում շեշտադրվում է, որ քաղաքացիական կրթությունը ոչ միայն արժեքների ուսուցում է, այլ նաև դրանց գործնական կիրառություն դպրոցական առօրյայում։ Այս մոտեցումն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին՝ թիրախավորելով ծայրահեղականության, անտարբերության և սոցիալական պասիվության դեմ պայքարը։ Բանավեճը այստեղ դիտարկվում է որպես կարծրատիպերը քայքայելու, պառակտումը կանխելու և հանրապետական համախմբվածությունն ամրապնդելու միջոց:
Բանավեճը որպես մեթոդ
Ֆրանսիական դպրոցում բանավեճը դիտարկվում է ոչ միայն որպես հաղորդակցման տեխնիկա, այլ որպես ինքնուրույն մտածողություն ձևավորող մեթոդ։ Աշակերտները կանոնավոր կերպով մասնակցում են բանավեճի դասերին՝ ձևակերպելով կարծիքները, հիմնավորելով դիրքորոշումները և սովորելով հարգել այլ կարծիքներ։
Դասարանի մակարդակում բանավեճն իրականացվում է ինչպես կազմակերպված թեմատիկ քննարկումների, այնպես էլ բաց ձևաչափով քննարկումների միջոցով։ Ուսուցիչները ներկայացնում են հակասական թեմաներ, օրինակ՝ «Պե՞տք է արդյոք պետությունն ուժեղացնի վերահսկողությունը սոցիալական ցանցերի վրա։», «Ո՞րն է խոսքի ազատության սահմանը», «Պե՞տք է արդյոք խստացնել քաղաքացիական պարտականությունները»։ Աշակերտները ոչ միայն արտահայտվում են, այլ նաև սովորում են լսել՝ առանց ընդհատելու, հակադարձել՝ առանց վիրավորելու։
Այս մոտեցման նպատակը միայն հռետորական հմտությունների զարգացումը չէ։ Այն հիմնված է համոզման վրա, որ ժողովրդավարությունը սկսվում է դպրոցից, և այն պահից, երբ աշակերտը սովորում է ձայն ունենալ, լսել ու հիմնավորել։
Արտադպրոցական նախաձեռնություններ
Ֆրանսիական կրթական համակարգը բանավեճի մշակույթը զարգացնում է ոչ միայն դասարանի սահմաններում, այլև դպրոցից դուրս՝ աշակերտներին ընդգրկելով արտադասարանական քաղաքացիական նախաձեռնություններում։ Այս ձևաչափը սովորողներին հնարավորություն է տալիս զգալ իրենց ազդեցությունը հանրային գործընթացների վրա և տեսնել, որ իրենց ձայնը կարևոր է։
Ամենահայտնի նախաձեռնություններից է Ազգային ժողովի կազմակերպած «Երեխաների խորհրդարան» (Parlement des enfants) ծրագիրը։ Տարեկան մի քանի հարյուր դասարաններ ամբողջ Ֆրանսիայից մասնակցում են այս ծրագրին՝ ուսումնասիրելով օրենսդրական գործընթացը, բանավիճելով օրենքների նախագծերի շուրջ և ի վերջո՝ առաջարկելով իրենց օրինագիծը։ Ընտրված լավագույն նախագծերը ներկայացվում են պատգամավորների ներկայությամբ: Սա յուրահատուկ կամուրջ է ստեղծում դպրոցի և հանրային կյանքի միջև։
Մյուս նախաձեռնություններից է «Կրթության լիգա» (La Ligue de l’enseignement) կազմակերպության գործունեությունը, որը տարբեր մարզերում կազմակերպում է բանավեճի մրցույթներ միջին և ավագ դպրոցի աշակերտների համար։ Մրցույթների թեմաները խրախուսում են սոցիալական ներգրավվածություն, ժողովրդավարական մասնակցություն և հանդուրժողականություն։
Մանկավարժական մոտեցումներ
Բնականաբար բանավեճը այստեղ չի ընկալվում որպես ինքնաբուխ երևույթ, այլ պահանջում է հստակ կառուցվածք, պատրաստվածություն և մանկավարժական մոտեցում։ Ուսուցիչը ոչ թե պարզապես լսող կամ չեզոք կողմ է, այլ բանավեճի կազմակերպիչ, գործընթացը կառավարող և գնահատող։ Դա պահանջում է մեթոդական գիտելիք և պատրաստակամություն՝ ստեղծելու այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ հնարավոր է ազատ արտահայտվել՝ առանց վախի կամ ճնշման։
Բանավեճի մշակույթը տարեցտարի ավելի հստակ կազմակերպված ձև է ստանում՝ շնորհիվ նաև նախարարության հրապարակած մեթոդական ուղեցույցների։ Դրանք խորհուրդ են տալիս ուսուցիչներին ինչպես ընտրել թեմա ըստ տարիքային խմբերի, ինչպես կազմակերպել խմբային աշխատանքը, ինչպես սահմանել բանավեճի կառուցվածք, և ինչպես գնահատել աշակերտի մասնակցությունը։ Ուղեցույցները ներառում են բանավեճի ձևաչափեր՝ փոքր խմբերում քննարկումից մինչև դասարանի լայն քննարկում, դերային խաղեր կամ ֆորմալ մրցութային բանավեճ։ Յուրաքանչյուր ձևաչափ ունի իր կառուցվածքը, ժամանակահատվածը, գնահատման չափանիշները։
Ուսուցիչների վերապատրաստումը նույնպես առանցքային տեղ է գրավում։ Կրթության լիգայի նման կազմակերպությունները առաջարկում են սեմինարներ և մոդուլներ ուսուցիչների համար՝ բանավեճի կազմակերպման, մասնակցության կանոնների և կրթական նպատակների ձևակերպման շուրջ։
Այսպիսով՝ բանավեճը դառնում է ավելին, քան դասավանդման սովորական գործիք։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում ակտիվանում են հանրային պառակտումները, անհանդուրժողականության ալիքները և քննադատական մտածողության անկումը, ֆրանսիական մոդելը առաջարկում է այլ ճանապարհ՝ բանավիճող և լսող աշակերտի միջոցով կերտել ժողովրդավարություն, որը պետք է սկսվի հենց դպրոցից։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Նոր մեկնաբանություն