
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
Կրթության որակի մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում հայտնվում են ուսումնական ծրագրերը, գնահատման համակարգերը կամ ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը։ Սակայն կրթական միջավայրի խորքային մշակութային շերտերում գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ոչ պակաս ազդեցիկ են սովորողի զարգացման առումով։ Դրանցից մեկը սխալվելու հանդեպ վերաբերմունքն է։ Սխալը, որպես ուսումնառության բաղադրիչ, տարբեր կրթական համակարգերում ունի տարբեր մեկնաբանություններ։
Սխալը՝ հայկական դպրոցում
Հայաստանի հանրակրթական համակարգում սխալը սովորաբար դիտվում է որպես բացասական երևույթ։ Դասասենյակներում ձևավորված է այն համոզմունքը, որ սխալվել՝ նշանակում է ձախողել։ Սա դրսևորվում է թե՛ ուսուցիչների արձագանքների, թե՛ գնահատման մոտեցումների, և թե՛ աշակերտների փոխհարաբերությունների մակարդակով։
Աշակերտները սովորում են խուսափել սխալներից՝ ոչ միայն ցածր գնահատական ստանալու պատճառով, այլ նաև ամոթի զգացումից խուսափելու համար։ Այս պայմաններում ձևավորվում է ուսուցման նկատմամբ պաշտպանողական վերաբերմունք՝ սեփական կարծիքը չհայտնելու, հարց չտալու, ինքնուրույն մտածելուց խուսափելու միտում։
Որպես հետևանք՝ կրթական միջավայրը դառնում է առավել մրցակցային և լարված, որտեղ սխալն այլևս ուսումնական գործընթացի մաս չէ, այլ խոչընդոտ՝ որը պետք է ամեն կերպ շրջանցել։
Վերջին տարիներին, սակայն, նկատվում են որոշ դրական միտումներ։ ՀՀ-ն մի շարք փորձնական քայլեր է ձեռնարկել՝ փոխելու գնահատման խիստ և միակողմանի մոտեցումը։ Այս փոփոխությունները, չնայած իրենց դրական ներուժին, առայժմ չեն ուղեկցվում մշակութային լայն առումով ընկալման փոփոխությամբ։ Սխալը դեռևս մնում է մի երևույթ, որի հանդեպ հանդուրժողականությունը համատարած չէ։
Սխալը՝ ֆիննական և շվեդական դպրոցներում
Ֆինլանդիայի և Շվեդիայի հանրակրթական համակարգերի հաջողության կարևոր պատճառներից մեկը կրթական միջավայրի նկատմամբ հոգատար ու անհատականացված վերաբերմունքն է, որն ընդգծում է աշակերտի բարեկեցությունը և աճի հնարավորությունները՝ առանց մրցակցային ճնշման։ Այս երկրներում սխալը դիտվում է ոչ թե որպես անհաջողություն, այլ որպես սովորելու բնական փուլ։
Ուսուցիչները աշակերտներին խրախուսում են մտածել, փորձել, հարցեր տալ և նույնիսկ սխալվել՝ առանց պատժի կամ դիտողության արժանանալու վախի։
Կրթական գործընթացը կառուցված է այնպես, որ երեխան կարող է առանց ամաչելու սխալվել՝ իմանալով, որ սխալը ուսուցիչների աչքում ոչ թե թերություն է, այլ՝ երկխոսության սկիզբ։
Այս մոտեցումը հստակ արտացոլվում է գնահատման համակարգում։ Ուսուցիչը վերլուծում է երեխայի մտածողության ընթացքը և օգնում է նրան ինքնուրույն հասկանալ՝ որտեղ է սխալմունքը և ինչպես կարելի է առաջ գնալ։ Նման մեթոդաբանության շնորհիվ զարգանում է աշակերտի ինքնավերլուծական հմտությունները և ամենակարևորը՝ սովորելու հանդեպ վստահությունը։
Սխալը՝ քննադատական մտածողության խթան
Քննադատական մտածողությունը՝ որպես 21-րդ դարի կրթական հիմնարար հմտություն, չի կարող զարգանալ այն միջավայրում, որտեղ սխալվելու վախը գերակայում է։ Աշակերտը չի կարող դառնալ վերլուծող և ինքնուրույն մտածող անհատ, եթե մշտապես ճգնում է «ճիշտ» պատասխան տալ, իսկ սխալվելու դեպքում կարժանանա ուսուցչի ու դասարանի անցանկալի արձագանքին։
Սխալի հանդեպ դպրոցի հանդուրժողական մշակույթը, հետևաբար, ոչ միայն բարենպաստ է սովորելու համար, այլև անհրաժեշտ պայման է ինքնուրույն և պատասխանատու մտածողության ձևավորման համար։
Ֆինլանդիայի և Շվեդիայի հանրակրթական համակարգերում տեսանելի է, թե ինչպես է սխալը դիտարկվում որպես մտքի շարժման և վերլուծության ազդակ։ Երբ աշակերտը հնարավորություն ունի հարց տալու, ենթադրություն առաջ քաշելու կամ սեփական վարկածը ներկայացնելու՝ նույնիսկ սխալվելու վտանգով, նա իրականում սկսում է կիրառել վերլուծական հմտություններ։
Ուսուցիչները խրախուսում են ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև հարցադրումը, պատճառահետևանքային կապերի որոնումը և կարծիքի հիմնավորումը։
Սխալվելու մշակույթը խթանում է այնպիսի կրթություն, որտեղ քննադատական մտածողությունը սնվում է սխալներից, ոչ թե ավարտվում դրանցով։
Կրթական համակարգում քննադատական մտածողության խթանումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ սխալը դադարում է դիտարկվել որպես ձախողում։ Քանի դեռ աշակերտը խուսափում է սխալվելուց, նա հազվադեպ կփորձի նոր ուղիներ փնտրել, նոր հարցադրումներ կամ անկախ դատողություններ անել։ Սխալների հանդեպ հանդուրժող միջավայրը ոչ միայն խրախուսում է ազատ արտահայտվել, այլ նաև հիմք է դնում վերլուծական ու ստեղծարար կրթության համար։
Ի՞նչ սովորել
Հայաստանում արդեն իսկ առկա են հիմքեր, որոնց վրա կարելի է կառուցել սխալի հանդեպ հանդուրժող կրթական մշակույթ։ Գնահատման համակարգի վերանայման առաջին քայլերն արդեն արված են։ Սակայն իրական փոփոխության համար անհրաժեշտ է փոփոխել նաև վերաբերմունքը։
Սխալը պետք է չդիտարկվի որպես վերացող երևույթ, այլ՝ որպես կրթական գործիք։
Ուսուցիչների վերապատրաստման գործընթացներում անհրաժեշտ է ներառել այնպիսի մեթոդաբանություն, որը միտված է սխալի վերլուծական օգտագործմանը։
Միևնույն ժամանակ, ծնողական ու հասարակական շրջանակներում ևս կարևոր է ձևավորել ընկալում, ըստ որի՝ երեխայի սխալվելը ուսուցման բնական և արժեքավոր բաղադրիչ է։
Սխալի նկատմամբ վերաբերմունքի փոխակերպումը պահանջում է երկարաժամկետ, համակարգային մոտեցում։ Սակայն դրա արդյունքը կլինի ավելի վստահ, ստեղծարար ու քննադատական մտածողությամբ սերունդ, որը չի վախենա փորձել, հարցնել և սովորել սեփական սխալներից։
Սխալը կրթության մեջ ունի արժեք, երբ այն պետք է դիտարկվի որպես շարժիչ ուժ, այլ ոչ թե որպես վերջնակետ։ Մշակութային փոփոխության շեմին կանգնած Հայաստանի կրթական համակարգը դեռ կարող է ձևավորել սխալվելու հանդեպ հանդուրժողականություն՝ թե՛ դպրոցներում, թե՛ կրթական քաղաքականության մակարդակում: Այդ դեպքում կստեղծվի միջավայր, որտեղ սովորելը կդառնա ոչ թե վախի, այլ բացահայտման ու զարգացման գործընթաց։
Ֆինլանդիայի և Շվեդիայի փորձը հուշում է, որ դա հնարավոր է՝ եթե պատրաստ ենք ընդունել, որ սխալվելը ոչ թե խոչընդոտ է, այլ՝ հնարավորություն։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Նոր մեկնաբանություն