
Լուսանկարը՝ Դասագրքերի շրջանառու համակարգի կայքից
Դասագիրքը կրթության կազմակերպման բաղադրիչներից է, և որակյալ դասագիրքը, իհարկե, որակյալ կրթությանը նպաստող կարևոր գործոն կարող է լինել։
Ընդհանրապես, մինչ այժմ աշխարհում չկա միասնական կարծիք, թե ինչպիսին պիտի լինի դասագիրքը․ այն ավելի շատ ուսուցչի՞ն պիտի ծառայի, թե՞ սովորողին։ Ըստ այդմ՝ կամ ուսուցիչը կդառնա կամուրջ սովորողի և դասագրքի միջև, կամ հակառակը․ դասագիրքը կլինի կամուրջ առարկայական գիտելիք փոխանցելուն կոչված ուսուցչի և սովորողի միջև։ Լավ դասագրքի ցուցիչը, իհարկե, երկրորդն է։
Նոր ՀՊՉ, նոր դասագիրք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 9 հունիսի 2022 թ․ N 20-Ն հրամանով՝ սահմանվել է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը։ Փաստաթղթում սահմանվում է նաև դասագրքերին ներկայացվող բովանդակային, կառուցվածքային, տեխնիկական և այլ պահանջները։
Համաձայն վերոնշյալ որոշման՝ 2021-2025 թթ․ կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման համար բյուջեի ծախսերի ֆոնդը ունի հետևյալ պատկերը՝ 2021 թ․՝ 912,6 մլն․ դրամ, 2022 թ․՝ 891,9 մլն․ դրամ, 2023թ․՝ 1,1 մլրդ․ դրամ, 2024 թ․՝ 2,3 մլրդ․ դրամ, 2025 թ․՝ 1,5 մլրդ․ դրամ։
Հանրակրթական պետական նոր չափորոշչի (ՀՊՉ) որդեգրած քաղաքականության համաձայն՝ ուսումնական բոլոր առարկաների դասագրքերը ոչ թե վերահրատարակվել են կամ պիտի վերահրատարակվեն՝ համապատասխան փոփոխություններով, այլ պետք է գրվեին և գրվեն բոլորովին նոր դասագրքեր՝ հայեցակարգային փոփոխություններով։ Նպատակը ուսման որակի բարելավումն է, այն միջազգային չափանիշներին մոտեցնելը և ՀՊՉ-ի հռչակած հենքային կարողունակությունների ձևավորմանը նպաստելը։
Վերափոխված դասագրքերի մուտքը դպրոց կավարտվի 2025-2026 ուստարում, բայց դրանց մեծ մասն արդեն գործածության մեջ է։ Փորձենք մի քանի դիտարկումներով ստանալ նոր հրատարակված դասագրքերի վերաբերյալ հնարավորինս ամբողջական պատկեր։
Հայեցակարգային փոփոխության պահանջ
ՀՊՉ-ի որդեգրած կարողունակությունների նոր բաղադրիչը՝ արժեք և դիրքորոշում, դարձել է նոր դասագրքերին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը: Այսինքն՝ ծրագրային տեսական նյութի վերաբերյալ պետք է լինեն այնպիսի հարցադրումներ և գործնական առաջադրանքներ, որոնք կնպաստեն վերոնշյալ բաղադրիչների վերջնարդյունքների ձևավորմանը։ Օրինակ՝ քննադատական մտածողություն, համագործակցային հմտություններ, գիտելիքի գործնական կիրառություն և այլն։ Նոր դասագրքերի այս հայեցակարգային փոփոխությունը պետք է նպաստի ոչ թե գիտելիքը պասիվ կրող շրջանավարտի, այլ ինքն իրեն և շրջապատող աշխարհը օբյեկտիվորեն գնահատող, նախաձեռնող և ստեղծագործող անհատի, քաղաքացու ձևավորմանը։
Պետք չէ, իհարկե, գերագնահատել դասագրքի դերը կրթական այս առանցքային հարցում․ կարելի է ունենալ հրաշալի դասագիրք, բայց իր գործին չտիրապետող ուսուցիչ, և դասագիրքն այս դեպքում անզոր է, և հակառակը՝ ոչ որակյալ դասագիրք, բայց իր գործին հրաշալիորեն տիրապետող ուսուցիչ, և արդյունքն ակնհայտ կլինի։ Այնուամենայնիվ, մեր խնդիրն է հասկանալ՝ որքանով են արդարացված նոր դասագրքերի ստեղծմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ֆինանսական ծախսերը։
Պատկերը միատարր չէ 2023-24 ուստարում դպրոց մտավ նոր դասագրքերի առաջին խմբաքանակը։
Մի շարք դասագրքերը անցել էին փորձագիտական հանձնաժողովների փորձաքննությունը, հաստատվել կամ մերժվել։ Պարզվեց, որ փորձագիտական հանձնաժողովի հավանությունը ստացած ոչ բոլոր դասագրքերն են որակյալ․ որոշ նոր դասագրքեր էլ, ուսուցիչների կարծիքով, պարզապես զիջում են նախորդ տարիներին օգտագործվող դասագրքերին։ Կան նաև հաջողված դասագրքեր, որոնք, ըստ ուսուցիչների, նախորդ դասագրքերի համեմատ, իսկապես գրված են նոր հայեցակարգին համապատասխան։ Կան նաև դասագրքեր, որ մինչ այսօր հակասական կարծիքների և մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումների առիթ են, օրինակ՝ Հայոց պատմություն-7-ը։
Իհարկե, տարօրինակ է չհաջողված դասագրքերի վերաբերյալ փորձաքննական հանձնաժողովի տված դրական պատասխանը։ Այս երևույթը գալիս է փաստելու ԿԶՆԱԿ-ի ոչ կոմպետենտ աշխատանքը, որը հանձնաժողովների անդամների ընտրության պատասխանատուն էր։
Պարզվեց՝ ընտրված ուսուցիչների մեծ մասը դասագիրքը փորձաքննելու բավարար կարողություն և հմտություն չի ունեցել, հետևանքն այն է, որ նրանց վստահված որոշ ոչ որակյալ դասագրքեր են հայտնվել դպրոցում։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում էր տվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հայտարարելով. «Նոր դասագրքերն այս տարի առաջին անգամ են մտել դպրոց և անցնում են փորձարկման փուլ: Մենք չենք ունեցել դասագրքերի ստեղծման արդյունավետ համակարգ և ավանդույթներ, ուստի բնական է, որ նոր դասագրքերը շտկումների, լրամշակման անհրաժեշտություն կարող են ունենալ: Հեղինակային խմբերի առջև խնդիր է դրվել, մասնագիտական բոլոր դիտարկումները հաշվի առնելով, պատրաստել ներդիրներ, որոնք արդեն երկրորդ կիսամյակում պետք է տրամադրվեն դպրոցներին` դասագրքերին զուգահեռ կիրառելու համար»։
Մասնագիտական հայացք
Որքան էլ, ըստ նախարարի, վատորակ դասագրքերը շտկվեն և լրամշակվեն, միևնույնն է, դրանք չեն կարող լինել կրթության որակի բարձրացման երաշխիք․ ճիշտ հակառակը։
Որպես անհաջող դասագրքի օրինակ՝ դիտարկենք 5-րդ դասարանի մայրենիի դասագիրքը (հեղ․` Թ․ Թովմասյան, Ա․ Գալստյան)։
Հայտնի է, որ մտածողության զարգացման և լեզվագործածության ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեն տեքստերը, որոնք որպես սնունդ տրվում են երեխաներին։ Ուստի դրանք հարկ է որ լինեն գեղարվեստորեն բարձրարժեք, տարիքային առանձնահատկություններին համապատասխան, ոչ թե մակերեսային-գաղափարախոսական։
Ցավոք, այս դասագիրքը նկատելիորեն զիջում է նախորդ տարիների դասագրքին։ Տեքստերը մեծամասամբ կա՛մ պարզունակ են, գեղարվեստական ճաշակից զուրկ, մակերեսային, կա՛մ այդ տարիքի երեխաների լեզվամտածողությանը խորթ ու պաթետիկ, բարդ բառապաշարով։ Ցավալի է, որ դասագիրքը միակն է, և այլընտրանք չկա։
Խնդիրներ
Հին հեղինակների «նոր» դասագրքերը հիմնականում վերատպված տարբերակներ են՝ թեթև փոփոխություններով։
Ցայտուն օրինակ է 8-րդ դասարանի հայոց լեզվի դասագիրքը (հեղ․՝ Փ․ Մեյթիխանյան)։ Այն մեծ հաշվով վերատպված դասագիրք է, և հեղինակը նույնիսկ չի նկատել, որ ծրագրային փոփոխության արդյունքում նախկինում 9-րդ դասարանի թեման ընդգրկելուն զուգահեռ գրել է պահանջներ, որոնք դեռ չեն ուսուցանվել ծրագրով։ Ցավոք, այս կոպիտ խախտումը անտեսել է նաև փորձաքննող հանձնաժողովը։ Խնդիր է նաև դասագրքերի հեղինակների՝ դասավանդող չլինելը․ հիմնականում դրանով է պայմանավորված ակադեմիական խրթին շարադրանքը։
Անցյալի անտեսված ավանդույթները
Հայ մանկավարժությունը հարուստ պատմություն ունի․ ցավոք, խորհրդային դպրոցի ներդրմամբ ընդհատվել է ազգային մանկավարժական մտքի ընթացքը, և այսօր էլ այն հանիրավի անտեսված է։
Դասագիրք գրելու մեր մշակույթի հիմքերում կանգնած են անվանի մարդիկ՝ Խ․ Աբովյան, Ղ․ Աղայան, Հ․ Թումանյան, Լ․ Շանթ․ Ռ․ Պերպերյան և այլք։
Ցավալիորեն դասագրքերի նորօրյա հեղինակներից քչերն են տեղյակ այս մարդկանց հեղինակած դասագրքերի հայեցակարգերին, այն է՝ ամենաբարդ բաների մասին խոսել ամենապարզ լեզվով։ Ապացույցը Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի 1894 թ․ հեղինակած «Պապիկ և թոռնիկ» գիրքն է, որն ամբողջովին արտացոլում է նոր ՀՊՉ-ի դիրքորոշում և արժեք բաղադրիչները։
Իսկ ժամանակակից դասագրքի սահմանումը հրաշալիորեն տվել է սրամիտ ու զվարճախոս Բեռնարդ Շոուն․ «Դասագիրքը գիրք է, որը նախատեսված չէ կարդալու համար»։ Համարձակ լուծումներ են պետք և համարձակ մարդիկ։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Նոր մեկնաբանություն