
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ապրիլի 7-ին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպված հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկմանը:
ՀԿ-ն ներկայացրել է 5 գրավոր առաջարկ:
Հատուկ կարիք
Գրավոր առաջարկներից մեկը վերաբերում է դպրոցներում համապատասխան միջոցներ ունեցող առանձին դասարանների ապահովմանը: Նպատակն է՝ հատուկ կարիք ունեցող երեխաների համար անհատական ծրագրով աշխատելու պայմանների ապահովումը: Այն, ինչ տարիներ շարունակ անում է «Արեգնազան» դպրոցը:
Առաջարկի հեղինակ, ՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը պնդում է, որ անհրաժեշտ է նաև հանրակրթական դպրոցներում հատուկ կարիք ունեցող երեխաների, մասնավորապես՝ վարքային սուր խնդիրներ ունեցողների հետ աշխատելու մասնագիտական հմտություններին տիրապետող մանկավարժների ներգրավում:
Առաջարկի ընդունման դեպքում հատուկ կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական պլանը կյանքի կոչելու նպատակով կստեղծվեն ներկայում բացակայող, սակայն խիստ անհրաժեշտ պայմաններ:
Բացի այդ, կստեղծվեն առաջընթաց գրանցելու, սոցիալիզացիայի բարենպաստ պայմաններ, հատուկ կարիք ունեցող երեխաները կստանան առավելագույն որակյալ կրթություն:
Այս առաջարկի հիմքում է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի
ժամանակահատվածում կրթության ոլորտի ծախսային գերակայությունների շարքում նշված ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ համակարգի արդիականացումը:
Բովանդակության արդիականացում
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ հաջորդ բյուջետային հայտը վերաբերում է պետական բյուջեից դպրոցներին ներքին ռեսուրսների ստեղծմանը ֆինանսական միջոցներ հատկացնելուն:
2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի ժամանակահատվածում կրթության ոլորտի ծախսային գերակայություններից է ուսումնական հաստատությունները որակյալ մանկավարժական համակազմով ապահովելը՝ մասնագիտական առաջխաղացման խրախուսմամբ և արձագանքելով նրանց կարիքներին, նաև՝ կրթության կազմակերպման և բովանդակային արդիականացումը:
ՀԿ-ն այս համատեքստում պնդում է, որ առնվազն ու նախ և առաջ «Տարվա լավագույնները» միջոցառման շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրելու համար տարեկան հատկացվող 11 մլն. դրամ բյուջետային ծախսն առավել նպատակահարմար է ուղղել կրթության բովանդակության ու որակի համար կարևոր ուղղությանը՝ խրախուսելով ուսուցիչների նախաձեռնողականությունն ու աշակերտների նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումը:
«Առարկայագետները դասավանդման նպատակով ստեղծում են վարժություններ, որոնց կարիքը կա, քանի որ դասագրքերում դրանց անհրաժեշտ քանակը, հաճախ նաև որակը բավարար չեն թեմայի վերջնարդյունքների ապահովման համար։ Ուսուցիչները ստիպված են լինում անձնական միջոցներով տպել այդ վարժությունները և բաժանել սովորողներին»,- ԿԳՄՍ նախարարություն ուղարկած հայտում նշել է ՀԿ-ն:
Առաջարկի հեղինակ, ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանի հիմնավորումն է. «Առարկայական մեթոդմիավորումները կարող են ստեղծել առաջադրանքների ձեռնարկներ՝ աշխատանքային տետրեր, իսկ դպրոցը համապատասխան հատկացումների շնորհիվ հնարավորություն կունենա տպագրելու այդ ձեռնարկները սովորողների քանակին համապատասխան։
Ձեռնարկներում ընդգրկված առաջադրանքները կազմված կլինեն ըստ մակարդակների, դա հնարավորություն կտա դասի ժամին իրականացնել տարբերակված ուսուցում։ Հնարավորություն կընձեռվի նաև վերահսկելու յուրաքանչյուր սովորողի անհատական առաջընթացը»։
Ուսուցչի առաջարկով հայտում նշվել է, որ պարզից բարդ սկզբունքով ստեղծված առաջադրանքների անհատական աշխատանքային տետրը հնարավորություն կտա նպաստել կրթության արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ յուրաքանչյուր սովորողի դեպքում սահուն անցում կատարել ուսումնական առարկայի մի թեմայից մյուսը՝ չընդհատելով ուսումնական ծրագրի շարունակականությունը։ Իսկ ուսուցչի համար փաստացի տեսանելի կլինի սովորողի անհատական առաջընթացը։
Առանձին տող՝ էլեկտրոնային թեստավորմանը
2028 թ. սահմանված թիրախներից է մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրումը: Բայց սրա համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Ուստի, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն առաջարկում է հետևություններ անել ընդհուպ վարչապետին հասցեագրված ուսուցչի բողոքից և պետական բյուջեի միջոցներից ԿՏԱԿ-ին հատկացնել ֆինանսավորում առանձին տողով, որպեսզի էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման տեխնիկական անհրաժեշտ հարցերը կազմակերպվեն պատճաշ կարգով:
Ըստ 27.01.2025 թ. ԿՏԱԿ տնօրենի գրավոր պատասխանի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կամավոր ատեստավորման էլեկտրոնային թեստավորման համակարգի ստեղծման եւ գործարկման համար ՀՀ պետական բյուջեից ո՛չ 2024 թվականին եւ ո՛չ էլ 2025 թվականին հավելյալ գումար չի տրամադրվել։ ԿՏԱԿ-ը գործում է ԿԳՄՍՆ-ի հետ կնքված ամենամյա դրամաշնորհային պայմանագրի պայմանագրի շրջանակներում՝ «Կրթության ոլորտում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում» բյուջետային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին»:
Նկատի ունենալով էլեկտրոնային թեստավորման ժամանակ ի հայտ եկած խնդիրը, որի հիմքում, անշուշտ, նաև համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է՝ վերջնարդյունքի հստակ ամրագրման հետ միասին, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն առանձին հայտով առաջարկել է պետական բյուջեի առանձին տողով սահմանել հատուկ այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան ծախս:
Հայկական պար՝ դպրոցում
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն գրավոր առաջարկել է նաև վերականգնել նախորդ տարիներին պետբյուջեով նախատեսված տարեկան առնվազն 7,7 մլն. դրամի ծախսը՝ ազգային երգ ու պար առարկայի ներդրման ուղղությամբ:
Ըստ ԿԳՄՍ նախարարության գրավոր պատասխանի, 2021-2024 թվականներին առարկայի դասավանդման համար վերապատրաստվել է 260 ուսուցիչ (մոտ 1400 դպրոցի պարագայում): Հիմա այս առարկան ընդգրկված է արվեստներ և արհեստներ առարկայախմբի մեջ: Սակայն անհասկանալի է, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով կարող են երեխաները սովորել հայկական երգ ու պար՝ թատրոնի, կերպարվեստի, դեկորատիվ արվեստի հետ միաժամանակ, ովքե՞ր են այդ մասնագետները, որ կարող են բոլոր արվեստներն ու արհեստները միաժամանակ դասավանդել:
Ի՞նչ իմաստ ուներ այս ծախսը ընդամենը մի քանի տարի նախատեսելը՝ ապահովելով ակնհայտորեն ոչ բավարար ռեսուրսներ:
Ծրագրի դադարեցումից հետո մարզերի դպրոցները դիմում են, օրինակ, «Մենք» կրթամշակութային ՀԿ-ին՝ խնդրելով ազգային պարի դասընթացներ: Սա նշանակում է, որ դպրոցներում կա ազգային պարի ուսուցման կարիքը:
Պարուսուցման կարևորության մասին վկայում են նաև մանկավարժները:
Պետական բյուջեի մասին մինչև 2023 թվականի իրավական ակտերում որպես առարկայի ներդրման նպատակ նշված է եղել՝ մշակույթի պահպանում, հանրայնացում, պարուսուցման ոլորտի համակարգված գործունեության ապահովում, սովորողների ազգային ոգու ամրապնդում։
Մեդիագրագիտության դասեր
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը և «Կրթության՝ մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը», նաև՝ 2028 թվականի համար սահմանված թիրախները, այդ թվում՝ մեդիագրագիտության մակարդակի բարելավման անհրաժեշտությունը, մեկ այլ հայտով էլ առաջարկել է պետական բյուջեով նախատեսել միջոցներ, որոնք կստեղծեն պայմաններ, որ լրագրողները դպրոցներում մեդիագրագիտության պրակտիկ դասընթացներ անցկացնեն սովորողների համար՝ միաժամանակ նպաստելով նաև (մասնավորապես՝ հասարակագիտության) ուսուցիչների մեդիահմտությունների զարգացմանը: Անհրաժեշտ է ընդամենը նախատեսել տրանսպորտային ծախսեր:
Երեխաները, դպրոցում յուրացնելով մեդիայի կանոնները, նախ իրենք կունենան պատկերացում մեդիագրագետ քաղաքացու մասին, ապա նաև թե՛ որպես մեդիասպառող, թե՛ որպես մեդիաարտադրող կլինեն կրթված քաղաքացի:
Այս առաջարկի ընդունմամբ մեդիագրագիտության պրակտիկ աշխատանքները կնպաստեն ՀՊՉ-ով սահմանված թվային և մեդիա կարողունակության ձևավորմանը. սովորողները կտիրապետեն մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին, կպատկերացնեն մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կկարողանան կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատել մեդիայի ազդեցությունը արժեքների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Այս հմտություններն իրենց հերթին կնպաստեն քաղաքացիական իրավունքների իրացմանը և ժողովրդավարական գործընթացների մասնակցությանը:
Ի դեպ, ՀԿ-ն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի համաձայնությամբ, գրավոր հայտնել է նաև պատրաստակամություն՝ ներկայացված հայտերի ֆինանսավորման վերաբերյալ անհրաժեշտ քննարկումներին ևս մասնակցելու առնչությամբ:
Ա․ Մ․
Նոր մեկնաբանություն