
Լուսանկարը՝ ProActiveApproaches կայքից
Ժամանակակաից կրթության հիմնական նպատակներից մեկը ոչ միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումն է, այլ նաև սովորողի կարողությունների զարգացումը՝ աշխարհը ինքնուրույն և պատասխանատու կերպով հասկանալու, վերաիմաստավորելու և փոխելու համար։ Այս համատեքստում քննադատական մտածողությունը դիտվում է որպես առանցքային հմտություն, որը նպաստում է վերլուծելու, փաստարկված դատողություն անելու, խնդիրները լուծելու և պատասխանատու քաղաքացիական մասնակցություն ունենալու կարողությունների զարգազմանը։
Քննադատական մտածողության զարգացումը հետզհետե ավելի մեծ տեղ է զբաղեցնում միջազգային կրթական օրակարգերում։ Համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունները՝ ինչպիսիք են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD), ՅՈՒՆԵՍԿՕ-ն (UNESCO), Համաշխարհային բանկը (World Bank), ոչ միայն ընդգծում են այս հմտության կարևորությունը, այլև մշակել են քաղաքական ուղեցույցներ, գործիքներ և գնահատման մեխանիզմներ, որոնք երկրներին օգնում են քննադատական մտածողությունը կրթական համակարգերում ինտեգրելու հարցում։
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկած մոդելները ներառում են․ուսումնական պլանների վերանայում, ուսուցիչների վերապատրաստում, սովորողների վերլուծական հմտությունների գնահատում և կրթական միջավայրերի բարելավում։ Դրանց ազդեցությունն ակնհայտ է բոլոր այն երկրներում, որտեղ ազգային կրթական բարեփոխումները հաճախ ուղղորդվում են միջազգային չափանիշներով և փորձով։
ՏՀԶԿ-ի մոտեցումը
ՏՀԶԿ-ն կրթության ոլորտում ունի խորքային ազդեցություն՝ հատկապես իր վերլուծական գործիքներով, գնահատման մեխանիզմներով և քաղաքական ուղեցույցերով։ Քննադատական մտածողությունը դիտարկվում է որպես առանցքային հմտություն այն ապագայի համար, որին պետք է պատրաստվեն սովորողները։
ՏՀԶԿ-ի «Կրթության և հմտությունների ապագան 2030/2040» (Future of Education and Skills 2030/2040) զեկույցում նշվում է, որ քննադատական մտածողությունը մտնում է 21-րդ դարի առանցքային հմտությունների շրջանակում և դիտարկվում է որպես հիմնական տարր։
Փաստաթղթում ընդգծվում է․ «Սովորողները պետք է կարողանան քննադատաբար գնահատել տեղեկությունները, կազմել հիմնավորված փաստարկներ և կայացնել էթիկապես ճիշտ որոշումներ։ Սրանք էական հմտություններ են հասարակության մեջ իմաստալից մասնակցության համար»։
Այս մոտեցումը միտված է ձևավորելու ոչ միայն ակադեմիական առումով գրագետ, այլ նաև սոցիալապես և քաղաքացիական ասպարեզում ներգրավված անհատներ։
Քննադատական մտածողությունը ներառված է նաև PISA (Programme for International Student Assessment) գնահատման համակարգում։ Թեստերը ներառում են խնդիրներ, որոնք պահանջում են տեղեկությունների համադրում, աղբյուրների վերլուծություն, տրամաբանական եզրակացությունների ձևավորում և փաստարկում։
PISA 2018-ի համատեքստում քննադատական մտածողությունն անուղղակիորեն չափվում էր հատկապես ընթերցանության, գիտության և գլոբալ հմտությունների բաժիններում։ Զեկույցում նշված է. «Լավ արդյունքներ ցուցաբերած սովորողներն ունակ էին տարբերելու փաստերն ու կարծիքները, քննադատաբար անդրադառնալու բովանդակությանը և բացահայտելու հնարավոր կողմնակալություն առցանց աղբյուրներում»:
Բացի գնահատումներից, ՏՀԶԿ-ն հանդես է գալիս նաև քաղաքական առաջարկություններով։
Կազմակերպությունը խրախուսում է ուսումնական ծրագրերի վերանայում՝ քննադատական մտածողությանը տեղ հատկացնելով ոչ միայն առարկայական բովանդակության, այլ նաև դասավանդման մեթոդաբանության մեջ։
Այդ մոտեցումներն ընդգրկված են ՏՀԶԿ Կրթական ուղեցույցի (Learning Compass 2030) շրջանակում, որտեղ առաջարկվում է ուսուցման միջավայր ստեղծել անհատական մտածողություն, փոխըմբռնում և ստեղծարար լուծումներ ապահովելու նպատակով։
ՏՀԶԿ-ի կրթական քաղաքականության տեսլականը վերլուծական և բազմակողմանի է․ քննադատական մտածողությունն էլ դիտվում է ինչպես անհատական զարգացման, այնպես էլ արդյունավետ ժողովրդավարության կայացման անբաժան մաս։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտեցումը
ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, քննադատական մտածողությունը դիտարկում է որպես համապարփակ, ժողովրդավարական կրթության հիմնասյուն։
«Գլոբալ քաղաքացիության կրթություն․ թեմաներ և ուսումնառության նպատակներ» (Global Citizenship Education: Topics and Learning Objectives) ուղեցույցում քննադատական մտածողությունն ընդգծվում է որպես կրթական նպատակ։
«Սովորողները պետք է զարգացնեն քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու հմտություններ, որոնք կօգնեն նրանց վերլուծել տեղեկատվությունը, հարցականի տակ դնել ենթադրությունները և ներգրավվել հարգալից երկխոսության մեջ» -ասվում է փաստաթղթում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտեցումը միտված է սովորողներին զինելու մեդիագրագիտությամբ, մշակութային հարգանքով, բանավիճելու կարողությամբ և նախընտրելի էթիկական դիրքորոշմամբ։
Քննադատական մտածողությունն առանցքային է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կայուն զարգացման նպատակների կրթություն. ուսումնառության նպատակներ» (Education for Sustainable Development Goals: Learning Objectives) փաստաթղթում։ Այստեղ այն դիտարկվում է որպես անհրաժեշտություն՝ սովորողներին օգնելու մտածել փոխկապակցված, վերլուծել բազմաբնույթ խնդիրներ և կայացնել պատասխանատու որոշումներ։ «Քննադատական մտածողությունը վճռորոշ նշանակություն ունի ենթադրությունները բացահայտելու, առկա վիճակը հարցականի տակ դնելու և բարդ մարտահրավերների՝ ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, անհավասարությունը և խաղաղության ստեղծումը, այլընտրանքային լուծումներ ուսումնասիրելու համար» ,- նշված է զեկույցում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագիրը ոչ միայն հստակ տեսլական է ներկայացնում, այլև տրամադրում է ուսումնական ծրագրերի մշակումն ուղղորդող կառուցվածք՝ ներառյալ սովորողների ակնկալվող հմտությունները, ուսուցիչների դերը և կրթական միջավայրի կազմակերպումը։
Հաշվի առնելով կազմակերպության գլոբալ մանդատը և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը՝ քննադատական մտածողությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտեցմամբ ընկալվում է որպես գործիք, որը միավորում է կրթությունը մարդու իրավունքների, խաղաղության և սոցիալական արդարության համատեքստում։
Համաշխարհային բանկի մոտեցումը
Համաշխարհային բանկը, որպես զարգացող երկրների կրթության ոլորտի խոշորագույն ֆինանսավորողներից մեկը, կարևորում է կրթության որակի բարելավումը՝ ընդգծելով հիմնարար հմտությունների զարգացումը: Հմտությունների շարքում է քննադատական մտածողությունը։
Կազմակերպությունը նշում է, որ 21-րդ դարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գիտելիքների ձեռքբերում, այլև հմտությունների զարգացում, որոնք աշխատողներին թույլ կտան կատարել ոչ առօրյա մտավոր և սոցիալական առաջադրանքներ։ Այս համատեքստում և թվային տեխնոլոգիաների տարածման պայմաններում քննադատական մտածողությունն առանձնահատուկ կարևորություն է ստանում։
Համաշխարհային բանկը երկրներին աջակցում է նաև բարելավել ուսուցման որակը և ուսուցիչների պատրաստվածությունը։ Այս նպատակով մշակվել է Teach Secondary անվանմամբ անվճար դասարանային դիտարկման գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատել դասավանդման պրակտիկաները և նպաստել դրանց կատարելագործմանը։
Բացի այդ, Համաշխարհային բանկը կարևորում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացումը։ Կազմակերպությունը նշում է, որ հմտությունների զարգացումը կարող է նվազեցնել գործազրկությունը, բարձրացնել արտադրողականությունը և բարելավել կյանքի որակը։
Համաշխարհային բանկի մոտեցումը կենտրոնանում է կրթության որակի բարձրացման, ուսուցիչների պատրաստվածության բարելավման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման վրա. առանցքային բաղադրիչներից է քննադատական մտածողությունը։
Այսպիսով
Քննադատական մտածողությունն այլևս պարզապես կրթության համակարգում կարևոր միտում չէ. այն դարձել է համաշխարհային կրթական օրակարգերի կենտրոնական հենասյուն և կրթության ապագայի կարևոր բաղադրիչ։
Միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները ցույց են տալիս, որ քննադատական մտածողությունը դիտարկվում է ոչ թե որպես առանձին հմտություն, այլ որպես ավելի լայն կրթական նպատակների ձեռքբերման միջոց։ Այս մոտեցումը խթանում է ավելի գիտակից, վերլուծող և սոցիալապես ներգրավված սերունդների ձևավորումը՝ վերափոխելով թե՛ ուսուցման բովանդակությունը, թե՛ դպրոցական մշակույթը։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Նոր մեկնաբանություն