
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Գրադարանները ամբողջ աշխարհում հայտնվել են լուրջ փորձության առջև։ Եվ դա ավելի քան հասկանալի է. երբ տեղեկատվությունը հասանելի է մի հպումով, իսկ ցանկացած գիրք կարելի է մեկ րոպեում ներբեռնել և կարդալ համակարգչով կամ հեռախոսով՝ էլ ի՞նչ կարիք կա հասնել գրադարան։ Տեղեկատվության հասանելիությունը, որը միանշանակ ողջունելի է, միաժամանակ գրադարաններին դուրս է մղել մարդկանց առօրյայից։ Այն, ինչ տարիներ շարունակ եղել է կրթական կենտրոն, այսօր մոռացության է մատնված։
Բայց արդյո՞ք թվային հարմարավետությունն ու մշտական հասանելիությունը նշանակում են, թե գրադարանների ժամանակն անցել է, թե՞ հենց այժմ է, որ դրանց կարիքը նոր իմաստով է առաջ գալիս։ Եթե նախկինում գրադարանը գիտելիք ստանալու տեղ էր, ապա այսօր այն վերածվել է գիտելիք ստանալու մշակույթի։
Կարևոր է դիտարկել գրադարանների վերաիմաստավորման հաջողված փորձերը։ Այսօր, երբ տեղեկատվությունն ամեն կողմից է, բայց մակերեսային, երբ կապերը շատ են, բայց իրական շփումները՝ սակավ, գրադարանները կարող են և պետք է դառնան այն տարածքը, որտեղ մարդը կարող է լրացնել հենց այդ բացերը և զարգանալ միաժամանակ 3 փոխկապակցված ուղղություններով՝ կրթական, սոցիալական և մշակութային։
Հայաստանում գրադարանների ճակատագիրն առավել բարդ է։ Հանրության մեծ մասի համար գրադարանը դեռ ասոցացվում է սովետական անցյալից ժառանգված սառն ու լուռ սրահների, փոշոտ դարակների և վերահսկող հայացքների հետ։ Եվ, ցավոք, այս պատկերացումը միշտ չէ, որ անհիմն է։ Շատ գրադարաններ տարիներ շարունակ չեն վերանորոգվել՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ գաղափարական առումով։
Սակայն սա միայն ավանդույթի ու ֆինանսավորման խնդիր չէ։ Խնդիրն այն է, որ գրադարանային համակարգը Հայաստանում դուրս է մնացել կրթական ռազմավարություններից։ Այն պաշտոնական մակարդակով պատշաճ կարգով ու գործնականում չի դիտարկվում որպես կրթական քաղաքականության գործիք, որպես գործընկեր դպրոցների, ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար։ Այսինքն՝ ոչ միայն հանրության, այլև համակարգի տեսանկյունից գրադարանը հաճախ ընկալվում է որպես անցած դարաշրջանի տարր, ոչ թե ապագայի հնարավորություն։
Շվեդիայի փորձը
Շվեդիայում գրադարանները պարզապես գրքի պահոց չեն։ Դրանք կենդանի, աշխատող տարածքներ են, որոնք անընդհատ ներգրավում են երեխաներին ու մեծահասակներին՝ ընթերցանության, շփման ու ինքնուրույն ուսումնասիրության մեջ։ Այստեղ գրադարանն ընկալվում է որպես բարեկամական միջավայր, ուր մարդիկ գալիս են ոչ միայն կարդալու, այլև՝ լինելու։
Շատ դպրոցներում ձևավորված է ավանդույթ․ ամսվա ընթացքում մեկ անգամ դասղեկը իր դասարանը տանում է շրջանի գրադարան։ Երեխաները քայլելով հասնում են տարածքային գրադարան, որտեղ նրանց ոչ ոք չի պարտադրում թե ինչ գիրք վերցնել։
Ամեն աշակերտ ազատ է ընտրելու իրեն դուր եկած գիրքը՝ ըստ իր հետաքրքրությունների, կարողությունների կամ լեզվի։ Նրանց տրվում է մեկ ամիս՝ գիրքն ընթերցելու և դրա մասին մի փոքրիկ էսսե գրելու համար՝ իրենց մտքերով։ Այս աշխատանքը գնահատականով չի ուղեկցվում, այն չի ստուգվում «ճիշտ» կամ «սխալ» պատասխանների համար։
Գրադարան մտնելիս առաջին իսկ զգացողությունը հարմարավետությունն է։ Տարածքները բաժանված են ըստ կարիքների՝ լուռ ընթերցման համար նախատեսված անկյուններ, հարմարավետ բազկաթոռներ և բզամոցներ, փոքր խմբերի համար նախատեսված անկյուններ, որտեղ կարելի է ընկերների հետ նստել ու զրուցել, խաղալ, քննարկել։ Մթնոլորտը ձգտում է հանգստացնել և ներշնչել։ Այստեղ ոչ ոք քեզ չի լռեցնի։ Գրադարանի ներսը կրթական տարածք է առանց վախի ու լարվածության։
Գրադարանների մյուս մեծ առավելությունը գրքերի բազմալեզու հասանելիությունն է։ Շատ երեխաներ, ովքեր չեն տիրապետում շվեդերենին, ունեն հասանելիություն այլ բազմազան լեզուներով առկա գրքերին։ Շատ ոչ շվեդ երեխաներ այստեղ հանկարծ տեսնում են գրքեր իրենց մայրենի լեզուներով և իհարկե ընտրում հենց դրանք կամ առնվազն ուրախանում և ոգևորվում դրանց առկայությամը։
Ավելին՝ գրադարանն առաջարկում է հնարավորություն պատվիրելու բազմաթիվ գրքեր՝ տարբեր լեզուներով։ Դա կարող է որոշ ժամանակ տևել, սակայն ծառայությունը սիրով կազմակերպվում է։ Այս համակարգը թույլ է տալիս գրադարանն ընկալել որպես մշակութային և լեզվական բազմազանության խթանող կենտրոն։
Կարևոր է նաև նշել որ շվեդական գրադարանը չի մերժում տեխնոլոգիաները, այլ ներկայացնում է համադրման շատ հետաքրքիր և հաջողված օրինակ։ Այստեղ կա Wi-Fi, համակարգիչ, նաև՝ թվային տվյալների բազաներ, էլեկտրոնային գրքեր, և, իհարկե, աուդիոգրքեր։ Բայց այս ամենը չի փոխարինում թղթային գրքին։ Գրադարանները չեն փորձում կիրառել երկընտրանք՝ ընտրել գի՞րք, թե՞ թվային նյութ։ Նրանք ասում են՝ երկուսն էլ, բայց՝ գիտակցաբար։
Այս գրադարանները խրախուսում են ոչ թե միայն ընթերցելը, այլև՝ մտածելը։ Ու հենց սա է պատճառը, որ դրանք չեն վերանում, այլ վերածվում են ներառական և բազմամարդ կրթական տարածքների։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
























































