Թվում է՝ անվիճարկելի է պնդումը, որ ուսումնառության արդյունավետության ամենահամոզիչ երաշխիքը շահագրգիռ ինքնուսուցումն է, այն է՝ ինքնուրույն ուսումնառությունը, քանի որ գիտելիքի ինքնուրույն ձեռք բերումը փորձառություն է զարգացնում: Բացի նրանից, որ սովորողը դառնում է գիտելիքի կրողը, նա նաև զարգացնում է սովորելու հմտությունը, ինչը ներառում է ուշադրությունը կենտրոնացնելու, մտապահելու, համադրելու, վերլուծելու, ինքնահայեցողության, սեփական նոր գաղափարները գեներացնելու և բազմաթիվ այլ հմտություններ:
Պնդումը տեղափոխվում է այլ հարթություն, երբ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս շահագրգռել, դրդել սովորողին իրականացնելու ինքնուրույն ուսումնառություն: Այստեղ է, որ ընդգծվում է ուսուցչի դերակատարությունը: Ինքնուրույն ուսումնառությունը, հասկանալի է, չի սահմանափակվում մեկ դասի շրջանակներում. այն շարունակական գործընթաց է. խոսքն իհարկե լայն առումով կրթության հայեցակարգի, կրթության առանցքային դերի մասին է: Այս իմաստով ուսուցիչը ինքը պետք է շատ լավ պատկերացնի իրեն վստահված գործի վերջնանպատակը, որից էլ պետք է բխեն ընդհանուր դասընթացի բովանդակությունը, վերջնարդյունքները և դասավանդման ռազմավարությունները:
Եթե ուսուցչի համոզմամբ՝ կրթության շրջանակներում իր կողմից իրականացվող դասընթացի նպատակը գիտելիքի փոխանցումն է, դրա արդյունքը սովորաբար լինում է սովորողի՝ որպես ինքնուրույն ուսումնառություն իրականացնողի դերի նվազումը՝ մեզ հայտնի հետևանքներով: Իսկ եթե ուսուցիչը կրթական գործընթացը դիտում է որպես երկխոսություն, ապա ստեղծում է յուրատեսակ գործընկերային հարաբերություններ․ այն իմաստով, որ սովորողին մասնակից է դարձնում մի գործընթացի, որի ժամանակ սովորողն ինքը հայտնագործում է, ճանապարհ է անցնում:
Այս տեսանկյունից ուսուցիչը ուղղորդող է և որպես այդպիսին՝ նա մտովի անցնում է սովորողի անցնելիք ճանապարհը՝ հստակ պատկերացնելով, թե ինչ, ինչպես կարող է մտածել սովորողը, և ըստ այդմ՝ ծրագրում է իր անելիքը:
Դասավանդման այս մոտեցումը ենթադրում է, որ ուսուցիչն ինքը նույնպես մշտապես սովորողի դերում պիտի լինի, քանի որ երբեք չեն լինում երկու միանման մտածող մարդիկ, առավել ևս երեխաներ, հետևաբար չեն կարող լինել նաև անփոփոխ մոտեցումներ: Եթե դասավանդման ավանդական մեթոդները ենթադրում էին անփոփոխ մոտեցումներ, ապա ինքնուրույն ուսումնառության դեպքում խիստ անհատական մոտեցումների, ոչ ստանդարտ լուծումների, անընդհատ թարմացվող, փոփոխվող ռազմավարությունների ինքնաբուխ պահանջ է առաջանում, և ուսուցիչը պետք է պատրաստ լինի դիմակայելու այդ յուրատեսակ մարտահրավերներին: Այսինքն լինի լայնախոհ, բաց, կարծրատիպեր հաղթահարած, առողջ ինքնաքննադատությամբ օժտված անհատականություն, մեկ բնորոշմամբ՝ հետազոտող:
Կարևոր է հաշվի առնել նաև սովորողների տարիքային հոգեբանության առանձնահատկությունները. սովորողների լսարանի առջև կանգնած ուսուցիչը անկասկած պետք է հաշվի առնի նրանց տարիքային աշխարհընկալման կերպը, տարիքին հատուկ խառնվածքը, ուսումնառության ոճերը և ըստ դրա ծրագրի գործողությունները:
Ինքնուրույն ուսումնառության արդյունավետ իրականացմանը նպաստող գործոններ են ուսուցչի՝ նախապես մշակած, ինչպես նաև հանկարծահաս հարցադրումները, հետադարձ կապի տրամադրումը, ձևավորող գնահատումը՝ յուրատեսակ քայլախթան (քայլամուղ) գործողություններ, որոնց արդյունքում սովորողը ակամա խանդավառվում է, հետաքրքրվում է, և գործընթացը սկսվում է:
Քանի որ գիտելիքը հավակնում է հանդես գալու որպես պատասխան, կրթության նպատակը և դրա համատեքստում ինքնուրույն ուսումնառության ազդակը հարցն է: Իսկ ուսուցչի դերը սովորողի մոտ հարց առաջացնելն է /«Փիլիսոփայությունը սկսվում է զարմանքից»՝ Արիստոտել/:
Այս ամենը իրականացվում է փոխադարձ վստահության, անկեղծ և անաչառ հարաբերությունների մթնոլորտում:
Երբ ուսուցիչն ինքը խանդավառված է, ինքնաբերաբար սովորողին ևս փոխանցվում է այդ տրամադրությունը. որքանով որ ուսուցիչը կարևորում է իր գործը, այնքանով էլ սովորողը զգում է դրա կարևորությունը:
Մշտապես պրպտող /չէ՞ որ ամեն պատասխան նոր հարց է ծնում/, սրընթաց փոփոխվող աշխարհում նորանոր հարցերի պատասխաններ փնտրող, հավակնոտ ուսուցիչը, կարծում եմ, չի ձանձրացնի երբեք. որպես քայլախթան գործոն կարևոր է նաև սովորողների համար մշտապես անկանխատեսելի լինելը. մտածող, փոփոխվող մարդն ինքնաբերաբար չի կրկնում ինքն իրեն և ոչ մի գործողություն նույնությամբ չի կրկնում կամ ոչ մի թեմա նույն կերպ չի դասավանդում: Ամփոփեմ՝ կրթությունը կենդանի գործընթաց է. սովորողը և ուսուցիչը այդ հարափոփոխ գործընթացի համարժեք ձևավորողներն են:
Նոր մեկնաբանություն