
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Հանրակրթական դպրոցներում էսսե գրելու հմտության զարգացումը անհնար է առանց համակողմանի մոտեցմամբ քայլ առ քայլ նպատակին հասնելու մշակույթի ձևավորման։ Շտապողականությունը այս հարցում չի կարող արդյունավետ լինել։
Էսսե գրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ՝ ընթերցասիրություն, լսելու և տարբեր տեսանկյուններից դիտարկելու հմտություն, ստեղծագործելու համարձակություն և այլն։ Թե որքանով է այսօր հասունացել հանրակրթական դպրոցներում էսսեի ձևաչափով քննություն հանձնելու պահանջը, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն փորձում է պարզել՝ երկու տարի անընդմեջ (2023-2024, 2024-2025 ուսումնական տարիներին) ուսումնասիրելով Տավուշում գրականություն և պատմություն առարկաներից գրված քննական էսսեները։
Նախորդ երկու հոդվածներում ընդհանուր վերլուծությամբ անդրադարձ է կատարվել քննության պահանջին և քննական էսսեներին։ Այս հոդվածի նպատակն է վեր հանել էսսեների թույլ և ուժեղ կողմերը՝ հիմք ընդունելով գնահատման յուրաքանչյուր բաղադրիչի քանակական ցուցիչները։ Միավորային գնահատումը կներկայացնենք պայմանական երեք բնութագրիչներով՝ բարձր, միջին, անբավարար։
Ստորև քննական էսսեի գնահատման սանդղակը՝
Բովանդակություն
Կառուցվածք
Բնութագրիչներ
Նախորդ հոդվածում արդեն խոսել ենք էսսեների գնահատման անհամաչափության և հակասականության մասին, ուստի հարկ ենք համարում նշել, որ բաղադրիչներին հատկացված միավորները բոլորը չէ, որ համապատասխանում են չափորոշչային պահանջներին․ կամայականության գործոնը մեծ է, հատկապես 8-10 գնահատված էսսեների դեպքում։ Այնուամենայնիվ, բաղադրչներին հատկացված միավորները թույլ են տալիս վեր հանելու գրավոր աշխատանքների թույլ և ուժեղ կողմերի ընդհանուր պատկերը։
Այսպիսով, հետազոտության առարկա 96 քննական էսսեներից 9-ում բացակայում էին բաղադրիչների առանձին գնահատականները, ուստի տոկոսային հարաբերությամբ քանակական ցուցիչները վերաբերում են 87 աշխատանքներին։
6 միավորի, այսինքն՝ նյութի իմացության և սկիզբ, հիմնամաս, ամփոփում բաղադրիչների գնահատման դեպքում բաշխումը կատարվել է հետևյալ սկզբունքով՝
2 միավորի պարագայում բաշխումը կատարվել է հետևյալ սկզբունքով՝
Ստորև՝ ըստ բաղադրիչների տրված գնահատականները՝ տոկոսային հարաբերակցությամբ։
Նյութի իմացություն
Խաչվող հասկացության դրսևորում
Դիրքորոշման հիմնավորվածություն
Ստեղծագործականություն
Սկիզբ, հիմնամաս, ամփոփում
Նախադասությունների տրամաբանական հաջորդականություն
Հետևություն
Ինչպես տեսնում ենք, տոկոսային հարաբերությամբ ամենացածրը նյութի իմացության բարձր մակարդակն է․ այսինքն՝ սովորողների գրեթե մեկ տասներորդն է լավ տիրապետում նյութին։ Տարօրինակ է, որ նյութի իմացության անբավարար մակարդակ չի գրանցվել նույնիսկ 1 միավոր գնահատված աշխատանքում։ Այս փաստը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ 8-10 գնահատված էսսեների գրեթե մեծ մասը հանձնարարված նյութի արտագրություն էր, ինչը ենթադրում է, որ այս բաղադրիչը չպետք է միավոր ստանար։
Անբավարար գնահատված ամենամեծ բաղադրիչը խաչվող հասկացությունն է, այսինքն՝ միավոր չի տրվել աշխատանքների գրեթե մեկ երրորդին։
Այս խնդիրը հենց ամենաբարդն է, որովհետև խաչվող կամ ընդհանրական հասկացության մակարդակում նյութի վերլուծության համար դեռ չենք ձևավորել ծրագրային, բովանդակային և մեթոդական բոլոր այն նախադրյալները, որոնք կնպաստեն սովորողների՝ ընդհանրացումներ անելու հմտության զարգացմանը և ընդհանրապես մտածողության խթանմանը։
Զարմանալիորեն բարձր է դիրքորոշման հիմնավորվածությունը։ Էսսեներում գերակշռում էր հանձնարարված հատվածներից մեջբերումները, ինչն էլ հիմք է հանդիսացել առավելագույն միավոր հատկացնելու դիրքորոշման հիմնավորվածությանը։ Օրինակ՝ պատմություն առարկայից մեջբերված հատվածը հիմնավորումներ էր պարունակում, և այդ հատվածից մեջբերումները կարելի էր դիտարկել որպես հիմնավորում։ Քանի որ սովորողները հիմնականում որպես պնդում ձևակերպել էին միտքը, որ կրթության զարգացումը կարևորվել է բոլոր ժամանակներում, որպես հիմնավորում մեջբերել են պատմության հատվածի հետևյալ նախադասությունը․ «Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով»։ Եվ սա ինքնին դիտվել է դիրքորոշման հիմնավորվածություն։
Ստեղծագործականություն բաղադրիչը բարձր ցուցիչ է գրանցել ինչպես «բարձր», այնպես էլ «անբավարար» մակարդակներում։
Հետազոտման առարկա էսսեների վերլուծությունը թույլ է տալիս փաստելու, որ բարձր գնահատված միավորները չեն արտացոլում այս բաղադրիչի չափորոշչային պահանջները, դրանք ավելի շատ կարծես թե միտված են «նախատեսված» վերջնական միավորը «ապահովելուն»։ Էսսեներն ընդհանուր առմամբ աչքի չեն ընկնում ստեղծագործականությամբ․ սա կարելի է համարել շարադրանքի թույլ կողմ։
Մնացած երկու բաղադրիչներում (սկիզբ, հիմնամաս, ամփոփում և նախադասությունների տրամաբանական հաջորդականություն) գերակշռում է միջին մակարդակը։
Ընդհանուր առմամբ, սովորողները փորձել են պահպանել էսսեի չափորոշչային կառուցվածքը՝ ներդնելով կաղապարային ձևակերպումներ, օրինակ՝ այսպիսով, այսքանից կարելի է եզրահանգել և այլն։ Այս հանգամանքն է թույլ տվել բարձր կամ միջին միավոր հատկացնել բաղադրիչին։
Ինչ վերաբերում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը, 96 աշխատանքներից միայն 9-ն (մոտ 10%) էին աչքի ընկնում սկզբից մինչև վերջ տրամաբանված շարադրանքով։
Հիմնականում մտքերը կցկտուր են, չկապակցված։ Կապակցված գրավոր և բանավոր խոսքը թերևս խորքային խնդիր է մեր կրթահամակարգում, որի պատճառները շատ են և լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։
Հաջորդիվ մեր վերլուծական հոդվածներում կփորձենք անդրադառնալ գրավոր խոսքի թույլ կողմերի հիմնական պատճառներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
























































