
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Հանրակրթության պետական նոր չափորոշչի հենքային 8 կարողունակություններից է սովորել սովորելու կարողունակությունը։ Այն ենթադրում է հետևյալ բնութագրիչները․ «Սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում սովորողները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն»։
Տեսականից գործնական
Եվ իսկապես, արդյունավետ ուսումնառության, ուսման որակի բարձրացման թերևս ամենակարևոր պայմանը ինքնուրույն ուսումնառության խթանումն է։ Որքանով են հանրակրթական դպրոցի ծրագրերն ու մեթոդամանկավարժական մոտեցումները նպաստում սովորել սովորելուն։
Սովորել սովորելու կարողունակության ներդրմամբ փորձ է արվում շտկելու խորհրդային դպրոցի շարունակվող ավանդույթը՝ գիտելիքը նպատակ է, մարդը՝ միջոց։ Բացառապես ակադեմիական գիտելիքի վրա հենված կրթությունը ապացուցեց իր անմրցունակությունը ժամանակակից աշխարհում։
Գիտելիքի բարձր իմացությամբ զինված մարդկանց հաջողության և սոցիալական կայունության գրավականը բոլորովին էլ գիտելիքի քանակը և որակը չէ, այլ այն կիրառելու հմտությունը։
Հաջորդ թերությունը, որ կար նախկին կրթահամակարգում և դեռևս շարունակում է խնդիր լինել, համագործակցային հմտությունների բացակայությունն է․ չկար թիմային աշխատանքի պահանջ, որը սոցիումի կարևոր բաղադրիչներից է։
Ինքնաանդրադարձի բացակայությունը նույնպես կրթական բացերից է․ եթե մարդը սովոր չէ ինքնաանդրադարձ կատարելու, դժվար թե կարողանա սթափ գնահատել իրավիճակը, իր կարողություններն ու հնարավորությունները և ըստ այդմ համապատասխան որոշումներ կայացնել։ Նախկին կրթահամակարգում ընդունված չէր նաև քննադատաբար մոտենալը, երևույթը բազմակողմանիորեն քննելը, հակադիր տեսակետներ լսելը կամ բանավիճելու մշակույթը։
Ի՞նչ փոփոխություններ ենք գրանցել վերջին 5 տարիներին այս ուղղություններով կատարված աշխատանքներում, և բավարա՞ր դինամիկա է դա, թե՞ ոչ: Փորձենք հասկանալ օրինակներով։
Համագործակցություն
Սովորել սովորելու կարողունակության ներդրումը դրսևորվում է առարկայական ծրագրերում ու չափորոշիչներում դիրքորոշում և արժեք բացադրիչների ներմուծմամբ։ Այն իր հերթին արտացոլվում է յուրաքանչյուր դասաժամի համար կազմված դասապլանի ինչպես մեթոդական, այնպես էլ բովանդակային բաղադրիչում։ Օրինակ՝ համագործակցային հմտության զարգացման մեթոդ է խմբային կամ զույգերով աշխատանքը: Այս մեթոդը թեպետ սկսել են կիրառել, սակայն մեծամասամբ՝ միայն դասալսումների ժամանակ, երբ կարիք կա ցուցադրելու մեթոդին տիրապետելու փաստը։ Այն, այնուամենայնիվ, չի դարձել դասապրոցեսի կազմակերպման կայուն ձև, որովհետև պատճառները շատ են։
Նախ՝ դասարաններում աշակերտների քանակը թույլ չի տալիս արդյունավետ խմբային աշխատանք կազմակերպել․ մեկ դասաժամի սահմաններում հնարավոր չէ հետևել, հետո լսել բոլոր խմբերի աշխատանքը, ինչը հենց այդ աշխատանքի բնույթն է թելադրում։ Դասարաններում աշակերտների քանակը չի նպաստում նաև դասասենյակի համապատասխան կահավորվածությանը։
Իրավիճակից ելքը գոնե զույգերով աշխատանքի՝ դասի պարտադիր բաղադրիչ դարձնելն է, թեպետ մեկ դասաժամի ընթացքում հնարավոր չէ լսել բոլոր զույգերի պատասխանները, մինդեռ դա կարևոր է մեթոդի լիարժեք կիրառման տեսանկյունից։
Նոր ՀՊՉ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ 2026թ․ դասարաններում սովորողների քանակը կնվազեցվի․ տարրական և միջին մակարդակներում՝ առավելագույնը 25, ավագ դպրոցում՝ 20։ Այս փոփոխությունը կնպաստի համագործակցային հմտությունների խթանմանը։
Ծրագրեր և դասագրքեր
Երբ խոսում ենք ինքնուրույն սովորելու հնարավորության մասին, պիտի հասկանանք նաև՝ որքանով է տվյալ առարկայի ծրագիրը կամ դասագիրքը մատչելի։ Առարկայագետների մեծամասնությունը հաստատում է, որ 12-ամյա կրթության անցնելուն զուգահեռ՝ ծրագրերը ոչ թե բեռնաթափվել են, այլ բարդացել են, և շատ առարկաների դեպքում միջին դպրոցում անցնում են գրեթե ամբողջ ծրագրային նյութը, իսկ ավագ դպրոցում ընդամենը կրկնում են այդ նյութը։
Ծրագրերի բարդությանը գումարվում է դասագրքերի դժվար հաղթահարելի լեզուն։ Այս հանգամանքները չեն կարող նպաստել ինքնուրույն ուսումնառության խթանմանը, քանի որ միջին դպրոցի աշակերտը, որ անցնում է տարիքային բարդ, հակասական ապրումների միջով, հեշտությամբ կհրաժարվի անհասկանալի նյութը ինքնուրույն հաղթահարել փորձելու մտքից։ Հետևաբար դասարաններում շարունակում են լինել երեխաներ, որոնց համար իրապես բարդ է առարկաների մեծ մասին ծրագրային նույնիսկ նվազագույն պահանջի հաղթահարումը։ Թե ինչպես պետք է այս պայմաններում խթանել ինքնուրույն սովորելու հմտությունը, հասկանալի չէ։
Գնահատում
Ուսուցիչների մեծ մասի համար դեռևս ընդունելի չէ ինտերակտիվ դասի ձևաչափը, քանի որ բարդույթը, որ դասարանում քար լռություն չէ, ուրեմն ուսուցիչը չի տիրապետում դասարանը կառավարելու հմտությանը, դեռ մնում է։ Մյուս խնդիրը սովորողների ստացած միավորային գնահատականի հիման վրա որակական ցուցանիշ գրանցելն է, որն էլ համարվում է ուսուցչի աշխատանքի ցուցիչ։ Օրինակ՝ տեսչական ստուգումները ներառում են ոչ միայն դասավարման հմտությունների գնահատում, այլև գրավոր աշխատանքի արդյունքների հիման վրա ուսուցչի աշխատանքի գնահատում։
Ստացվում է՝ եթե դասարանում թույլ կարողություններով երեխաների քանակը նկատելի է, ուրեմն ուսուցիչը թերանում է։ Հետևաբար ուսուցիչը կենտրոնանում է ոչ թե տվյալ աշակերտի անհատական աճի, այլ ամփոփիչ կամ քննական աշխատանքի գնահատականի ապահովման վրա։
Թե ինչի կարող է հանգեցնել այս իրավիճակը, մենք գիտենք տարիների փորձից՝ աշակերտի իրական կարողությունն ու գիտելիքը չարտացոլող միավորային նիշ։
Ձեռքբերումներ
Սովորել սովորելու կարողունակությանը նպաստում է նախագծայի ուսուցման ներդրումը․ յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է իր ընտրած առնվազն մեկ առարկայից մեկ նախագիծ իրականացնել ուսումնական տարվա ընթացքում։
Նախագիծը ղեկավարող ուսուցիչը նախագծի ընթացքում վճարվում է դասաժամի չափով։ Պետք է փաստել, որ աշակերտների դեռևս մեծ մասը պասիվ է ընտրության հարցում․ նրանք ստիպված ընդգրկվում են որևէ նախագծում և մասնակցում, մինչդեռ ինքնուրույնության աստիճանը շատ ցածր է։
Ուրախալի է, որ տարեցտարի, թեպետ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, բարելավվում է նախագծերի որակը․ ավելի շատ աշակերտներ են սկսել նախաձեռնություն և ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել։
Ամփոփում
Շատ ավելի հեշտ է արդեն իրականություն դարձած փոփոխությունն արձանագրելը, քան որևէ փոփոխություն պարտադրելը։ Այսինքն՝ ինտերակտիվ մեթոդամանկավարժական փորձ ունեցող ուսուցիչն ինքը կգտնի աշակերտներին ներգրավելու և նրանց ստեղծագործական հմտությունները խթանելու եղանակներ։
Որևէ փոփոխություն ենթադրում է համակարգված մոտեցում․ ծրագրային պահանջները, դասագրքերը, քննության ձևաչափը, գնահատման եղանակը, դասարանների համակազմը, կրթության կազմակերպման միջավայրը և այլն, պետք է առավելագույնս համապատասխանեցվեն այդ փոփոխության պահանջներին, այլապես կշարունակենք գոյատևել թղթին հանձնված կատարյալ ձևակերպումների և իրականության անհամապատասխանության ավանդական փակ շրջանում։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Նոր մեկնաբանություն